ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Վերջին տարիներին Մատենադարանի ղեկավարության վարած քաղաքականության արդյունքում հայագիտական այս կենտրոնում լուծվել է կարևորագույն խնդիրներից մեկը՝ սերնդափոխության հարցը: Այսօր Մատենադարանի անվանի և վաստակավոր գիտնականների կողքին աշխատում են երիտասարդներ, որոնցից շատերն արդեն մասնակցել են միջազգային գիտաժողովների Հայաստանում և արտերկրում, տպագրել մի շարք հոդվածներ:
  Երիտասարդների գիտական ակտիվության ևս մեկ վկայություն կարելի է համարել սույն թվականի մարտի 22-23-ին Մատենադարանում կազմակերպված գիտաժողովը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Երկու օրերի ընթացքում հնչեցին հայագիտության ամենատարբեր բնագավառներին առնչվող զեկուցումներ՝ լեզվաբանությունից մինչև հայ մանրանկարչություն: Մասնակիցներիս համար գիտաժողովն առաջին հերթին մեծ պատասխանատվություն էր և յուրատեսակ քննություն, քանի որ ներկա էին գիտնականներ, որոնց անմիջական հսկողության ներքո են մեզանից շատերն արել իրենց գիտական առաջին քայլերը:
  Ներկաներից յուրաքանչյուրն իր գոհունակությունը հայտնեց և ողջունեց գիտաժողովի մասնակիցներիս կողմից ընտրված թեմաների շրջանակը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Զեկուցումներն արդիական էին, որոշ դեպքերում արվում էին նոր հարցադրումներ, որոնք անպայմանորեն արտացոլվելու են երիտասարդների առաջիկա աշխատանքներում:
  Երկօրյա գիտաժողովը ստացավ նաև աշխատանքային բնույթ, քանի որ հնչեցին բազմաթիվ կարծիքներ, եղան ակտիվ քննարկումներ ու նոր առաջարկներ: Ողջ ընթացքին հետևում էր նաև Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, ում անմիջական աջակցությամբ էլ կազմակերպվել էր գիտաժողովը, որի ավարտին բոլոր մասնակիցները նրա կողմից պարգևատրվեցին արժեքավոր գրքերով: Տնօրենը խոստացավ նաև, որ զեկուցումների մեծ մասը կհրատարակվեն հոդվածների տեսքով: Նա բարձր գնահատեց մասնակիցներիս գիտական աշխատանքները, և ներկաների հետ միասին հույս հայտնեց, որ գիտաժողովն ավանդական կդառնա, որին այսուհետ կարող են մասնակցել նաև հանրապետության գիտական այլ կենտրոնների երիտասարդ գիտաշխատողներ:

Կիսվել