ՀԱՅՈՑ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ «Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան — Գանձասար» գիտամշակութային կենտրոնի բացման արարողությունը՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետական բարձրաստիճան պաշտոնյաների, հոգեւոր դասի եւ գիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Գանձասար» գիտամշակութային կենտրոնը, որպես Մաշտոցյան Մատենադարանի արցախյան մասնաճյուղ, երկու հիմնարար ստորաբաժանում ունի՝ գիտական ուսումնասիրությունների բաժին եւ թանգարանային համալիր, ուր ցուցադրված են պատմական Հայաստանի Արցախ եւ Սյունիք նահանգներում գրչագրված 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, հնատիպ գրքեր, ինչպես նաեւ պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում եւ եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրեր։ Այս առումով պատմության մեջ առաջին անգամն է, որ աշխարհասփյուռ արցախյան ձեռագրերը մեկտեղվել են նույն հարկի տակ եւ դրանով իսկ գիտական տարբեր ուսումնասիրություններ կատարելու մեծ եւ արդյունավետ հնարավորություն են ստեղծել։

Գանձասարի վանքին հարակից շինությունը հիմնանորոգվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով, հիմնադրամի համանախագահներ Գաբրիել Չեմպերճյան եւ Լեւոն Սարգսյանի առատաձեռն մեկենասությամբ։ Մասնաճյուղը գործելու է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կառուցվածքում, եւ նրա լիարժեք գործունեությանն ուղղված աշխատանքներում կիրառվելու է Մատենադարանի գիտական ու գիտատեխնիկական ողջ ներուժը։
  -Այս ձեռագրատունը Հայոց միասնականության խորհրդանիշ է նաեւ,- կենտրոնի բացման արարողության իր ելույթում նշեց ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար ՆԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԼՅԱՆԸ։- Այն, որ Արցախյան մատենադարանի ստեղծման ձեռնարկը գաղափարից մինչեւ իրագործում գտնվում էր հայկական երկու պետությունների նախագահների բարձր հովանու ներքո, վկայում է կատարվածի համազգային նշանակությունը։ Արցախյան մատենադարանի նախագիծն իրագործվեց «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի շնորհիվ, հիմնադրամ, որ Արցախում հայտնի է իր բազմաթիվ բարեգործություններով։ Հուրախություն բոլորիս՝ մեր պատմության մեջ մեկենասության լավագույն օրինակների եւ մեր ազգային բարերարների շարքը համալրվեց եւս մեկով՝ ի դեմս Գաբրիել Չեմպերճյանի։ Այս ազգանվեր գաղափարն իրողություն դարձավ մայր ձեռագրատան՝ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի անձնական նվիրումի եւ Մատենադարանի ամբողջ թիմի տքնանքի, սիրով կատարված աշխատանքի եւ պատրաստակամ ու շահագրգիռ վերաբերմունքի շնորհիվ, նաեւ՝ Արցախի քաղաքաշինության նախարարության (շինարարական կազմակերպության ղեկավար՝ Արկադի Ծատրյան, ճարտարապետ՝ Վալերի Հայրապետյան), ճարտարապետի, շինարարների համատեղ ջանքերով ու մեծ ցանկությամբ։ Այս Մատենադարանը մեր արժանապատվության, մեզ առաջնորդող արժեքների խոսուն վկան է, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին մեր ուղերձը աշխարհին։ Մաշտոցյան մայր ձեռագրատան արցախյան այս ճյուղավորումը հավիտենության երթի ուղեւորը լինելու մեր աներեր կամքի եւ մեր անպարտելի ոգու վերահաստատումն է, մեր պատգամը գալիք սերունդներին՝ ե՛ւ սրով, ե՛ւ գրով ու գրչով։
Արցախյան մատենադարանի ստեղծման մշակութային, կրթական ազդակները ներկայացնելով՝ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ հատկապես կարեւորեց այն փաստը, որ «Հայոց պետականությունը միշտ խարսխված է եղել մշակույթի եւ մշակույթը՝ պետականության վրա. նրանց անխզելի կապը, ներդաշնությունն է ձեւավորել հայ մարդու հոգեկերտվածքը՝ մղելով նրան հոգեւոր սխրանքի ե՛ւ ռազմի դաշտում, ե՛ւ ստեղծագործելիս»։


  -Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, մենք շեշտում ենք մեր հառնումի, վերածննդի, արարումի խորհուրդը, եւ նշում ենք այսպես՝ Մատենադարան կերտելով եւ ավետելով ի լուր աշխարհի, որ ստեղծվել է համամարդկային հիշողության եւս մի շտեմարան։ Սա՛ է մեր զորության նշանը, մեր մեծ ժողովումի մարտակոչը, եւ մեր ուղերձը գալիքին,- ասաց նա։
  Հայոց պատմության ընթացքում, ըստ Հ. Թամրազյանի, Արցախ աշխարհի ունեցած բացառիկ դերը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Հայաստանի պետականության կորստից հետո նա դարեր շարունակ պահպանել է իր անկախ գոյությունը, որը նրան բնականոն զարգացման հնարավորություն է տվել։ Սկսած Վաչագան Բարեպաշտ արքայի ընդունած սահմանադրության օրերից մինչեւ նոր ժամանակներ, մինչեւ 19-րդ դարի սկիզբ, Արցախ աշխարհը եղել է Հայոց պետականության պահպանման բնօրրան։ Զարգացման բնականոն ընթացք ունեցող կրթական եւ հոգեւոր ոլորտները նպաստել եւ խթանել են վանական համալիրներում մատենադարաններ ստեղծելու գործին, ուր հավաքվել են հարյուրավոր մատյաններ, ծիսական ժողովածուներից բացի ընդօրինակվել են հայ ինքնուրույն եւ թարգմանական մատենագրության տարբեր ժանրերի երկեր, ձեւավորվել է մանրանկարչական ուրույն դպրոց, որ կապ է պահպանել Հայաստանի այլ նահանգների նմանատիպ կենտրոնների ու դպրոցների հետ։ Այս ընթացքում ստեղծվել են հայ գրքարվեստի եւ մանրանկարչության գոհարներ, որոնց պատվիրատուները հիմնականում հոգեւոր բարձր դասի ներկայացուցիչներն ու նշանավոր իշխանական տներն են եղել։
  -Արցախ աշխարհի պատմամշակութային առաքելություններից մեկն էլ այն է եղել,- նշեց Հ. Թամրազյանը,- որ դարեր շարունակ այստեղ են պահվել հայ մշակույթի եւ գրքարվեստի բազմաթիվ գանձեր, որ հայ զինուժի եւ իշխանավորների կողմից փրկագնվել են օտարերկրյա ավարառուներից։ Ձեռագրական այդ գանձերը նախօրինակներ են հանդիսացել տեղական վարպետների եւ մանրանկարիչների համար։ Այս պատմամշակութային զարգացման ուրույն ընթացքն ենք փորձել ներկայացնել Արցախի գրքարվեստին եւ մանրանկարչությանը, միջնադարյան բացառիկ վավերագրերին ու հնատիպ գրքերին նվիրված մեր ցուցադրություններում եւ ուսումնասիրություններում, ընթացք, որ նորովի լուսաբանման եւ ուսումնասիրման հարուստ նյութ է տրամադրում, վկայելով պատմաքաղաքական անընդմեջ ընթացքի, բուռն զարգացումների եւ մշակութային վերելքի մասին, որի պատմությունը պարբերացման, առանձին կենտրոնների, դպրոցների եւ հեղինակների ուսումնասիրման կարիք ունի։ Եվ այդ ուսումնասիրությունների, ինչպես նաեւ ընդհանուր հայագիտության զարգացման համար զորեղ խթան կդառնա նոր բացվող «Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը՝ իր գրադարանով, ժամանակակից նյութատեխնիկական զինանոցով, դահլիճով, գիտաշխատողներով, թեմատիկ ցուցադրություններով, ամենամյա միջազգային գիտաժողովներով, մի խոսքով՝ իր լիարժեք գիտամշակութային կյանքով՝ իբրեւ մեկ ամբողջություն Մաշտոցյան Մատենադարանի հետ՝ զորացնելով նրա ներուժը, խորքային եւ տարածական ոլորտները։

Արցախում ստեղծված ձեռագիր մատյանների ու պատմական վավերագրերի այս ցուցադրությունը իր քաղաքական ենթատեքստով Արցախի հայկականության անկասելի ապացույց է, եւ այսուհետեւ Գանձասարի վանական համալիր այցելող յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա ծանոթանալու քաղաքակրությունների զարգացման մեջ Արցախի ունեցած դերին եւ նշանակությանը։
  Իր ելույթում ՀՀ Ազգային ակադեմիայի նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ կարեւորեց նորաբաց գիտամշակութային կենտրոնի եւ Արցախում ՀՀ ԱԱ ինստիտուտների աջակցությամբ 2010 թ. գործող գիտական կենտրոնի համագործակցությունը, քանի որ վերջինս հիմնականում բնագիտական ուղղվածություն ունի, եւ արցախյան այս մատենադարանի ստեղծումը հնարավորություն է ստեղծում Արցախում զարգացնելու նաեւ հումանիտար գիտությունները եւ հայագիտությունն ընդհանրապես։
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, հայագետ ԹԵՈ ՄԱԱՐՏԸՆ ՎԱՆ ԼԻՆՏԸ նշեց, որ Գանձասարի Մատենադարանի ստեղծումը միջազգային նշանակություն ունի թե՛ հայության եւ թե հայագիտության համար ընդհանրապես։
  -Այս ձեռնարկը դրական հարաբերություններ ստեղծելու նոր սկիզբ է,- ասաց նա։- Արցախը հայ ձեռագրերի ստեղծման եւ պահպանման մեծ ավանդույթներ ունի: 10-14-րդ դարերում ստեղծվեց եւ զարգացավ արցախյան մանրանկարչության ինքնատիպ դպրոցը, որի նմուշները իրենց յուրօրինակ գեղեցկությամբ հիացնում են բոլորին: Այս սրբավայրը, ուր անցյալում աշխատել են աշխարհականներ, իշխաններ եւ հոգեւորականներ, ուր Հայաստանի պատմության համար կարեւորագույն որոշումներ են ընդունվել, երկար ժամանակ լռել է: Կարծես սպասում էր, որ գրատունն ու եկեղեցին նորից լցվեն հոգեւոր երգերով եւ բուռն քննարկումներով: Եվ այդ օրը եկավ` եկեղեցում հնչում են շարականներ, պատարագ է մատուցվում, իսկ հիմա արդեն այս սուրբ միջավայրում գիտնականներ են աշխատելու: Աղոթք, միտք, երկխոսություն` հավատք հաստատող, մշակույթ զարգացնող եւ կյանք ստեղծող:


  Բոլորիս հայտնի է, որ Գանձասարը կաթողիկոսանիստ է եղել եւ հոգեւոր մշակույթի կարեւոր օջախներից մեկը: Հետեւաբար այն խոպան չի եղել, այլ «երկիր բարի եւ պարարտ, եւ բուսեալ` որ արար պտուղ հարիւրապատիկ» (Ղուկ. Ը 8): Գանձասարի հարուստ բերքը նորից փայլում է, եւ այստեղ, Գանձասարի այս բարձունքին տեղին է հիշել Փրկչի խոսքը. «Դուք էք լոյս աշխարհի. ո՛չ կարէ քաղաք թաքչել` որ ի վերայ լերին կայցէ: Եւ ոչ լուցանեն ճրագ` եւ դնեն ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի. եւ լոյս տայ ամենեցուն` որ ի տանն իցեն» (Մատթ. Ե 15):
  «Մաշտոցի անվան Մատենադարան Գանձասար» գիտամշակութային կենտրոնի օրհնության կարգը հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն, ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՆԱԹԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, որը ներկաներին փոխանցեց ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ ՏԵՐ ԳԱՐԵԳԻՆ Բ կաթողիկոսի հայրապետական ողջույններն ու սերը՝ հանդերձ օրհնությամբ՝ այս բարեբաստիկ եւ երջանիկ առիթով։
  -Մենք բոլորս գտնվում ենք սրբազան մի հողի վրա, որ մեր պապերի հավատքով, մեր պապերի հույսով, մեր նախնյաց արյունով է շաղախված, Մաշտոցյան լույսով, սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռան՝ սուրբ Վրթանեսի հավատքի նահատակությամբ,- նշեց Նաթան արքեպիսկոպոսը,- մի տեղ, որի անունն այլեւս խոսում է իր մասին՝ Գանձասար, մի տեղ, ուր Հայոց հոգու, մտքի եւ հաւատքի գանձերը կուտակվել եւ հավիտենության մեջ են մտել։ Եւ այսօր Գանձասարում վերստին բացվում է իր նախկին փառքերից մեկը՝ Մատենադարանը։ Մատենադարան, ուր պահվում է հայի համար ամենակարեւոր բանը՝ գիրքը, գիրը, մատյանը։ Եւ այսօր իրապես ուրախություն է. ուրախություն է եւ ցնծություն ոչ միայն Հայոց երկրի համար, այլեւ ցնծություն է Հայոց երկնքում։
  Բացման արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ներկա գտնվող պաշտոնատար անձինք եւ հոգեւոր դասը շրջայց կատարեցին նորաբաց թանգարանի սրահներում, որից հետո մասնակցեցին Մատենադարանի գիտաշխատող Թամար Մինասյանի «Արցախի գրչության կենտրոնները» ուսումնասիրություն-ալբոմի շնորհանդեսին։


ԳՈՒՐԳԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Տնօրենի խորհրդական նորագույն տեխնոլոգիաների
և հրատարակչական հարցերի գծով

Կիսվել