ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ V ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին էր նվիրված «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը, որն այս տարի կրում էր  «Վերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր» խորագիրը: 2015 թ. հոկտեմբերի 27-29-ը տեղի ունեցած սեմինարի շրջանակներում Երևանի Մ. Մաշտոցի անվան  Մատենադարանում էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի, Վրաստանի ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ոլորտի առաջնակարգ կենտրոնների մասնագետները:

  «Այս գիտաժողովը ձեռագրերի պահպանման եւ վերանորոգման, թվայնացման եւ ուսումնասիրման հարցում մեր նորագույն ձեռքբերումները հանրագումարի բերելու առիթ է։ Բացի այդ, գիտաժողովի շրջանակներում եվրոպական եւ ԱՊՀ երկրների հեղինակավոր հաստատությունների հետ կնքված պայմանագրերը հետագա համագործակցության հնարավորություններ կապահովեն»,- իր խոսքում նշեց  Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը։  Միջազգային գիտաժողովի բացմանը ներկա էր  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով  կարևորելով այս միջոցառումը՝ նշեց, որ հինգ տարի անընդմեջ  ընթացող այս գիտաժողովը արդեն ունի հստակ ձևավորված ավանդույթներ: Նախարարը գերմանացի վերականգնողներ Ռոբերտ Շտեհլեին և Մարգրեթ Յաշկեին պարգևատրեց ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով»՝ 15 տարի շարունակ ավելի քան 200 ձեռագրի արծաթե կազմերն անհատույց նորոգելու, հայ մշակույթին մատուցած նշանակալի ծառայությունների համար: Մշակույթի նախարարը պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրեց նաև Մատենադարանի երկարամյա զբոսավարներ Ամալյա Շահումյանին, Էվելինա Պիրոդովային և Մայա Յավուրյանին:
  «Հիշողության կերպարանքներ. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» եռօրյա սեմինարի ընթացքում եղան երկու տասնյակից ավելի զեկուցումներ, անցկացվեցին վարպետության դասեր, տեղի ունեցավ Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ա.Մ. Լիդովի «Ախթալայի եկեղեցու որմնանկարները» մենագրության շնորհանդեսը:
Ծրագիրն  իրականացվել է ՀՀ նախագահի աշխատակազմի՝ հասարակական կազմակերպություններին  տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Կիսվել