«ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ» ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Սեպտեմբերի 22-ին Մատենադարանում մեկնարկած Նարեկացիական անդրանիկ ընթերցումներով հիմք դրվեց մի նոր ավանդույթի, որը բացելու պատիվը վերապահված էր Գրիգոր Նարեկացուն կաթոլիկ եկեղեցու 36-րդ տիեզերական վարդապետ հանրահռչակելու գործում մեծ ավանդ ու ներդրում կատարած, հայագիտության նվիրյալներ Ժան-Պիեռ Մահեին և Մխիթարյան միաբանության անդամ, աստվածաբան և լեզվաբան հայր Լևոն Զեքիյանին:  
  «Այս երևույթն ինքնին ունի համաքրիստոնեական և համամշակութային նշանակություն: Այն նոր կենսածիր է բացում համամարդկային արժեքների գնահատման և վերագնահատման համար, այն կենարար լիցքեր է ներարկում մեր հոգեզրկված ժամանակներին՝ մղելով ժողովուրդներին և մշակույթներին հոգևոր մերձեցման և երկխոսության», — բացման խոսքում նշեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Խոսելով նարեկացիագիտության զարգացման մասին՝ նա նշեց, որ անցնելով հազարամյա ճանապարհ, այն 2003-2004 թթ. ամփոփվեց հանդիսություններով և միջազգային գիտաժողովներով՝ նվիրված «Մատեան ողբերգութեան» երկի 1000-ամյակին: Հետագա տարիներն այնքանով արգասաբեր եղան, որ բացի լույս տեսած նոր մենագրություններից, կազմակերպված գիտաժողովներից «Մատեան ողբերգութեան»-ը թարգմանվեց տարբեր լեզուներով:  Այն ամբողջությամբ ֆրանսերեն թարգմանվեց Ժան-Պիեռ Մահեի շնորհիվ, ով իր խոսքում նշեց. «Հայաստանի կշիռը չպետք է չափել բացառապես աշխարհագրական եւ տնտեսական տվյալներով, այլ Նարեկացու չափանիշով։ Այդ տեսանկյունից Հայաստանը նույն մակարդակն ունի, ինչ Շեքսպիրի, Գյոթեի կամ Հյուգոյի հայրենիքները»։
  «Նարեկացիական ընթերցումները» կունենա ազատ ժամականացույց և ձևաչափ՝ առանձին զեկույցներից մինչև միջազգային գիտաժողովներ՝ ձևավորելով նոր ավանդույթ նարեկացիագիտության մեջ:
  Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն ավելացրեց նաեւ, որ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը դառնում է նարեկացիագիտության գերագույն կենտրոն. «Վերջապես այստեղ է Նարեկացու ձեռագրերի գերակշիռ մասը, այստեղ հավաքված են հնատիպ գրքերը, նրա հսկա ժառանգությունը»։
  Միջոցառման ավարտին մասնակիցները ներկա գտնվեցի Գրիգոր Նարեկացու մատենագրական ժառանգությանը նվիրված ցուցադրության բացմանը: Ցուցադրված են բացառապես Նարեկացու ստեղծագործությունները, աղոթքները,ավելի քան 50 ձեռագիր ցուցանմուշ, «Մատեան ողբերգութեան» երկի տարբեր դարերի արտագրությունները. ի դեպ, «Մատեան ողբերգութեան»-ը «Ավետարանից» հետո ամենահաճախ արտագրվող և հետագայում նաև տպագրվող գիրքն է համարվում: Ցուցադրված են հնատիպ գրքեր, որոնք ևս ներկայացնում են Նարեկացու ստեղծագործությունները, ինչպես  նաև «Մատեան»-ի տարբեր լեզուներով թարգմանությունները:

Կիսվել