Լատվիայի «Յումավա» հրատարակչատունը լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմի լատվիերեն թարգմանությունը (45 գլուխների ծաղկաքաղ՝ բանաստեղծական թարգմանությամբ): Այն գրաբարից կատարել է հայագետ Վալդա Սալմինյան:
Գրքում ամփոփված են չորս ներածական հոդվածներ: Առաջաբանում Հրաչյա Թամրազյանը պատկերում է Նարեկացուն՝ որպես հանճարեղ բանաստեղծ, հավերժ գոյացող տեքստի ստեղծող, ունիվերսալ քարոզիչ, որի լսարանը ողջ մարդկությունն է: Կրոնի ֆենոմենոլոգ, փիլիսոփայության դոկտոր Էլիզաբետե Տայվանեն անդրադառնում է հայ հոգեւոր ավանդույթին, իսկ աստվածաբանության դոկտոր Անդրիս Պրիդեն ներկայացնում է ակնարկ հայ եկեղեցու պատմության մասին: Գրքի նկարազարդման համար օգտագործված են Գրիգոր Նարեկացուն պատկերող միջնադարյան մանրանկարներ՝ սիրով տրամադրված Մատենադարանի կողմից: Գրքի հրատարակությանն աջակցել է Լատվիայում Հայաստանի դեսպանությունը: