ԳԻՏԱԺՈՂՈՎ ԺՆԵՎՈՒՄ. «ԱՐԻՍՏՈՏԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

2017 թ. մայիսի 12-13-ը Ժնևի համալսարանում կայացավ «Արիստոտելը Հայաստանում» (“Aristote en Arménie”) միջազգային գիտաժողով (կազմակերպիչներ` Վալենտինա Կալցոլարի, Կատերինա Իերոդիակոնու և Իրենե Տինտի): Տե՛ս ծրագիրը:
  Գիտաժողովին մասնակցում էին հայագետներ` Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակիցներ Մանեա-Էռնա Շիրինյանը, Գոհար Մուրադյանը, Արամ Թոփչյանը և Արմինե Մելքոնյանը, ինչպես նաև անտիկ փիլիսոփայության պատմության մասնագետներ Շվեյցարիայից, Հունաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Կանադայից: Կար նաև Արիստոտելի երկերի ասորերեն թարգմանություններին նվիրված զեկուցում (Ջոն Ուոթ, Կարդիֆի համալսարան):
  Արիստոտելի կարևորագույն գրվածքների և դեռ անտիկ շրջանում նրան վերագրված երկերի միջնադարյան հայերեն թարգմանությունների և մեկնությունների, ինչպես նաև Արիստոտելի անձին, գործին ու ասույթներին հայ հեղինակների անդրադարձների մասին տեղեկությունները նորություն էին փիլիսոփայության ոչ հայագետ պատմաբանների համար և ընդունվեցին մեծ հետաքրքրությամբ:
  Գիտաժողովն այնպես էր կազմակերպված, որ Շիրինյանի, Մուրադյանի և Թոփչյանի զեկուցումները նախապես տրվել էին «ընդդիմախոսների» (discutant)՝ համապատասխանաբար Մայքլ Գրիֆֆինին, Իոաննիս Պապախրիստուին և Ջոնաթան Բարնսին: Նրանք պատրաստել էին հարցեր և ելույթներ, ինչն ապահովեց բովանդակալից քննարկում:
  Բացի զեկուցումներից, գիտաժողովում ներկայացվեցին ու քննարկվեցին Դավիթ Անհաղթի երկերին նվիրված և Ժնևի համալսարանի և Մատենադարանի համատեղ ծրագրով լույս ընծայված գրքերը՝ Դավթի հայերեն ու հունարեն բնագրեր անգլերեն թարգմանությամբ և ուսումնասիրությամբ (աշխատասիրողներ՝ Արամ Թոփչյան և Գոհար Մուրադյան). David the Invincible. Commentary on Aristotle’s Prior Analytics. Old Armenian Text with an English Translation, Introduction and Notes by Aram Topchyan, Brill: Leiden – Boston, 2010 (Philosophia Antiqua: A Series of Studies on Ancient Philosophy, vol. 122. Commentaria in Aristotelem Armeniaca. Davidis Opera curantibus Valentina Calzolariet Jonathan Barnes, vol. 2) և David the Invincible. Commentary on Porphyry’s Isagoge. Old Armenian Text with the Greek Original, an English Translation, Introduction and Notes by Gohar Muradyan, Brill: Leiden–Boston, 2014 (Philosophia Antiqua: A Series of Studies on Ancient Philosophy, vol. 137. Commen¬taria in Aristotelem Armeniaca. Davidis Opera curantibusValentina Calzolariet Jonathan Barnes, vol. 3):
  Դավիթ Անհաղթի երկերի այս շարքի հաջորդ երկու հատորները պատրաստում են Մ.-Է. Շիրինյանը («Արիստոտելի Կատեգորիաների մեկնություն») և Վ. Կալցոլարին («Սահմանք իմաստասիրության»):

Կիսվել