ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻՆ ԵՒ ՆԱՐԵԿՅԱՆ ԴՊՐՈՑԸ»  ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՏՈՐԸ

Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եւ Նարեկյան դպրոցը» (Եր., Նաիրի, 2017: Գիրք Գ., 427էջ) ուսումնասիրության երրորդ հատորը (կազմել եւ հրատարակության է պատրաստել Արուսյակ Թամրազյանը):  Սույն հատորը Նարեկյան դպրոցին նվիրված Հրաչյա Թամրազյանի մտահղացած եռագրության ամփոփումն է: Այն ներառում է Գրիգոր Նարեկացու կյանքին, ստեղծագործությանը, Նարեկյան դպրոցի ծիրում նրա գործունեությանը նվիրված հեղինակի տասնամյակների ուսումնասիրությունները:  Քննության են ենթարկվում Գրիգոր Նարեկացու ստեղծագործության ենթաշերտերը՝ բառաստեղծման տարերքը, տեսիլները, «Մատեանի» հիմքում ընկած Անանիա Նարեկացու մշակած բանաստեղծական արվեստի տեսությունը: Նարեկյան դպրոցի հոգեւոր-միստիկ կենցաղավարության համատեքստում վերականգնվում են աղոթքի տեսության, ներքին մարդու աստվածացման, աստվածային խոսքի ստեղծաբանական տիրույթներում շրջանառվող մարդկային աղոթքի ներընկալումները: Վերականգնվում են Գրիգոր Նարեկացու ստեղծագործության հիմքում ընկած ենթախորքերը, ինչպես տաղերում արտացոլված թվի գոյաբանական նորպյութագորական-նորպլատոնական տեսությունը, Դիոնիսիոս Արեոպագացուն վերագրվող բնագրերի աստվածաբանության չորս՝ մերձակա, նշանական, տարփողական (էքստատիկ), խորհրդական փուլերը: Գրիգոր Նարեկացին իր գեղագիտական խոր հղացքների աշխարհ է ներմուծում արեոպագիտյան բնագրերը՝ նոր հնչողություններ ու տարածություններ բացելով սրանց համար եւ այս ներթափանցումներով լիովին բարեշրջելով հոգեւոր արվեստների համակարգը:   Նշված աղերսների վերհանումը, սրանց դիտարկումը Նարեկյան դպրոցի հոգեւոր կենցաղավարության համատեքստում բոլորովին նոր շերտեր է բացում Գրիգոր Նարեկացու ստեղծագործության մեջ՝ տարածական, ծավալային, խորհրդաբանական նոր խորքեր հաղորդելով նրան:

Կիսվել