ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐ ԿՂԶՈՒ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ 300-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների բացման արարողությունը: Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արք. Զեքիյանը:
Տեր Լևոն արք. Զեքիյանը պարգևատրվեց ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:
«Հայփոստ» ՓԲԸ-ն մարեց և շրջանառության մեջ դրեց նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակը» թեմային: Նամականիշի վրա պատկերված է Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունը:
Միջոցառումն ուներ նաև երաժշտական մաս:
Այնուհետև միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի ցուցասրահում և ծանոթացան «Մխիթարյանների 300-ամյա պատմություն» խորագրով ցուցադրությանը:
Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանն իր խոսքում նշեց, որ «ցուցադրության մեջ զետեղված են Սուրբ Ղազարի հնագույն և հազվագյուտ հրատարակություններ, Բազմավեպի կարևոր հատորներ, Մխիթարյան նշանավոր հայրերի լուսանկարներ»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-25-ը ՀՀ ԳԱԱ  նիստերի նախագահության  դահլիճում տեղի կունենա «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողով:
  Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կիսվել