Խոր ցավով տեղեկացանք Մատենադարանի լավ բարեկամ և բարերար Մաքսիմ Հակոբյանի վաղաժամ մահվան մասին: Մատենադարանի տնօրինությունն ու ողջ աշխատակազմն իր ցավակցությունն է հայտնում Մաքսիմ Հակոբյանի ընտանիքին, բոլոր հարազատներին ու գործընկերներին: Մաքսիմ Հակոբյանի նման հայրենիք շենացնող, ազգային արժեքներ վեհացնող հայի տեսակն անկասկած մեզ շատ է պակասելու:
Երկար տարիներ վարելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի, ապա տնօրենների խորհրդի նախագահի պատվավոր պաշտոնները՝ Մաքսիմ Հակոբյանը մշտապես կանգնած է եղել Մատենադարանի կողքին՝ սատարելով, օժանդակելով Մատենադարանի առաջնահերթ ծրագրերին՝ ինչպես նոր մասնաշենքի բարեկարգման, այնպես էլ հրատարակչական և ձեռագրական ֆոնդերի համալրման բազմաթիվ աշխատանքներին:
Մաքսիմ Հակոբյանն իր վարքով ու նկարագրով էր մերժում մետաղի կարծրությունը, նա համակ բարություն ու ջերմություն էր: Հատուկ թուլություն ուներ հայերեն գրքի, ձեռագրի, առհասարակ ազգային արժեքների նկատմամբ: Հետամուտ էր հայ ժողովրդի բազմադարյան պատմությունն ու մշակույթը նշանավորող աշխատանքներին, ինչն էլ ապացուցվում է Մատենադարանի հետ համագործակցության ամենատարբեր ոլորտներում: Չի եղել մի դեպք, մի դիմում, որ անպատասխան մնար կամ դրական արձագանք չստանար Մաքսիմ Հակոբյանի կողմից: Նրա անունն ու գործը հավերժ կմնա Մատենադարանի պատմության էջերում: