«Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների և նյութերի ժողովածու» գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 3-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների  և նյութերի ժողովածու» գրքի շնորհանդեսը։ Հրատարակության մեջ առաջին անգամ, գրեթե ամբողջական ընդգրկմամբ, ներկայացվում է հայկական որմնանկարչությունը՝ հնագույն շրջանից մինչև մեր օրերը։  Գիրքը տպագրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ, «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, «Տիգրան Մեծ» տպագրատանը։ Ժողովածուն պարունակում է հոդվածներ և նյութեր ինչպես հայտնի՝ ուսումնասիրված, այնպես էլ նորահայտ կամ սակավ հետազոտված բազմաթիվ որմնանկարների վերաբերյալ։Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։ Ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց և շնորհավորեց գրքի կազմող և խմբագիր, Մատենադարանի փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանին: Անդրադառնալով հրատարակությանը տնօրենը նշեց, որ  այս  տպագրությունում ներկայացված է հայկական միջնադարյան արվեստի մի ամբողջ ուղղություն, որը  սերտ կապի մեջ է աստվածաբանության, մանրանկարչության, ճարտարապետության և քանդակագործության հետ,  բայց միևնույն ժամանակ այն արվեստի մի առանձին  ճյուղ է, որն իսկապես կարիք ուներ ուսումնասիրության, մանավանդ, որ այն  ամենից ավելի  է վտանգված՝  յուրաքանչյուր պահի ենթակա ոչնչացման: Ժողովածուի հեղինակները, հեղինակավոր մասնագետներ Հայաստանից և արտասահմանից իրենց ջանքերը համատեղել են այս ընդգրկուն և համապարփակ աշխատությունը ներկայացնելու համար: Գրքի կազմող և խմբագիր, Մատենադարանի փոխտնօրեն, պգդ Կարեն Մաթևոսյանն իր խոսքում նշեց, որ, ժողովածուի ստեղծման աշխատանքները սկսվել են շուրջ երեք տարի առաջ և գաղափարը ծնվել է դեռ վաղ աշխատանքային տարիներից, երբ աշխատում էր Հայաստանի ազգային պատկերասրահի հայ միջնադարյան արվեստի բաժնում: «Աշխատելու տարիներին փոքրիկ ուղեցույց գրեցի, որի կազմման ժամանակ պարզ դարձավ, որ որմնանկարչությունը մեզանում քիչ ուսումնասիրված և վտանգված բնագավառ է, և մտածում էի, որ հետագա տարիներին այն կլրացվի և կուսումնասիրվի, բայց տեսնելով, որ տարիների ընթաքում առանձնապես շարժ չկա այս ուղղությամբ, մտածեցի ստեղծել հոդվածների և նյութերի ժողովածու, որտեղ կընդգրկվեն  հայ որմնանկարչության բոլոր հիմնական վայրերն ու հուշարձանները և հնարավոր կլինի ներկայացնել որմնանկարչության ժառանգությունը մեկ գրքում: Այս ժողովածուն առաջին հերթին թույլ կտա ակնառու կերպով ցույց տալ, որ հնուց ի վեր ունեցել ենք եկեղեցական որմնանկարչություն, որը օտար ծագում չունի»:Ներկաներին ողջունեց նաև «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի տնօրեն Գայանե Գևորգյանը:

Կիսվել