Դեկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարկի ներքո, Գարեգին Ա կենտրոնի դահլիճում Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն: Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան հանձնեց Մաշտոցյան Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանին՝ ի գնահատություն հայրենի երկրին և հայ ժողովրդին մատուցած բազմարդյունք ծառայությունների: Կարեն Մաթևոսյանի կենսագրականը հյուրերին ներկայացրեց Մատենադա-րանի ավագ գիտաշխատող, աստղաֆիզիկոս, տոմարագետ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գրիգոր Բրուտյանը։ Հանդիսությանը ներկա էին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և մի խումբ աշխատակիցներ։ Մաշտոցյան Մատենադարանի ողջ աշխատակազմի կողմից սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերոջը այս բարձր պարգևին արժանանալու համար։