ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

2022 թ. հոկտեմբերին Մաշտոցյան Մատենադարանում բացվելու է «Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես, որի շրջանակներում նախատեսվում է վերականգնողական արվեստին նվիրված ընդարձակ ցուցադրություն:
Ցուցահանդեսին մասնակցելու են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ը, «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»-ը, «Հայաստանի պատմության թանգարան»-ը, «Հայաստանի Ազգային Պատկերասրահ»-ը, «Հայաստանի ազգային արխիվ»-ը, «Պահպանության ծառայություն»-ը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները։ Այս առիթով հուլիսի 25-ին Մաշտոցյան Մատենադարանում նշված կառույցների միջև կնքվեց համագործակցության հուշագիր, ըստ որի ցուցադրվելու են հիշյալ կառույցների մասնագետների կողմից վերջին տարիներին վերականգնված գեղանկարչության, ձեռագիր գրքերի, գորգերի, զարդերի, խեցեղենի, գործվածքի և փայտարվեստի ակնառու նմուշները:
Վերականգնողական արվեստին նվիրված նմանօրինակ համալիր ցուցադրություն Հայաստանում բացվելու է առաջին անգամ։

Կիսվել