«ԿՈՍՏԱՆԴԻՆ ՄԵԾ ԵՎ ՏՐԴԱՏ ՄԵԾ. ՀԱՅ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ՊԱՏԿԵՐՆԵՐՈՒՄ»

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, Մաշտոցյան Մատենադարանի թանգարանում տեղի կունենա «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ. հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով:
Ցուցահանդեսն իրականացվում է Մատենադարանի, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։ Միջոցառման հովանավորն է DoubleTree by Hilton Yerevan City Centre-ը։
Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին և ներկայացնում է մ.թ. 4-րդ դարասկզբին առաջին քրիստոնյա կայսր Կոստանդին Մեծի և Հայոց առաջին քրիստոնյա թագավոր Տրդատ Մեծի հանդիպումը, նրանց պետությունների միջև կնքված «սիրո և միաբանության» դաշինքի ավանդույթը, որն անցնելով դարերի միջով՝ հարստացել է զանազան պատումներով, նկարազարդվել է և ի վերջո սրբազնացվել:
Ցուցադրության մեջ ընդգրկված են Մատենադարանի հավաքածուի 13-18-րդ դարերի ձեռագիր մատյաններ, տպագիր գրքեր, ինչպես նաև Նոր Ջուղայի (Իրանի Իսլամական Հանրապետություն) եկեղեցիներում պահվող և այս պատմական հանդիպումը պատկերող արվեստի եզակի նմուշների մեծադիր վերատպություններ:
Ցուցադրությունում առկա ցուցանմուշներից առանձնանում է Բաղեշում ընդօրինակված 16-րդ դարի հայտնի ժողովածուն, որն ունի այս թեմայով ստեղծված մեզ հայտնի առաջին մանրանկար պատկերը։
Ցուցահանդեսի գիտական ղեկավարներն են Նազենի Ղարիբյանը և Վահե Թորոսյանը, ցուցադրությունը համադրել է Գայանե Բաբայանը։

Ցուցահանդեսը կգործի նոյեմբերի 24-ից մինչև 2023 թ. մարտի 31-ը։
Ցուցահանդեսի բացմանը կհաջորդի թեմային նվիրված աշխատաժողով՝ սկիզբը ժամը 14:00-ին (տե՛ս ծրագիրը):

Կիսվել