«ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ՝ ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Կաթողիկոս Ամենայն Հայոց (1166-1173) մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում:
Մաշտոցյան Մատենադարանը` որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն, այս հոբելյանի առթիվ ծրագրում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողով, որը նպատակ ունի վերարժևորել ու նորովի գնահատել Ներսես Շնորհալու և նրա մատենագրական ժառանգության բացառիկ դերն ու նշանակությունը հայ միջնադարյան գրականության և մշակույթի մեջ:
Գիտաժողովն արդյունավետ հարթակ կհանդիսանա համախմբելու հայ և օտարազգի անվանի հայագետներին, երիտասարդ և ավագ սերնդի հետազոտողներին, անդրադառնալու Շնորհալու թողած բազմաբնույթ ու բազմաշերտ մատենագրական ժառանգությանը, համաքրիստոնեական ու համամարդկային գաղափարներին, գնահատելու ոլորտի ձեռքբերումները, ինչպես նաև նոր չափանիշներ և ուղղություններ նախանշելու շնորհալիագիտության ասպարեզում:
Գիտաժողովն անցկացվելու է 2023 թ. հունիսի 21-23-ը Մատենադարանում (Երևան, Հայաստան):

Հայտերն ու զեկուցումների ամփոփումներն ընդունվում են մինչև 2023 թ. հունվարի 31-ը:

Զեկուցումներին տրվում է 15-20 րոպե ժամանակ:

Գիտաժողովի հիմնական աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք լրացնել գրանցման ձևաթուղթը և ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով՝ [email protected]


Մատենադարանի տնօրինություն

Կիսվել