ՕՇԱԿԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆ» ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

Հունիսի 3-ին Օշականում Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատանը տեղի ունեցավ Մաշտոցյան Մատենադարանի աշխատակիցների համար նախատեսված «Պարլօ Տէր-Մկրտիչեան» ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը։ Այս մրցանակը սահմանվել է 2022 թվականին՝ Ֆրեզնոյի Համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պարլօ Տէր-Մկրտիչեանի նախաձեռնությամբ, որն այս տարի առաջին անգամը ներկա գտնվեց մրցանակաբաշխությանը՝ ամերիկահայ իր ուսանողների խմբի հետ։
Արարողության մասնակիցները նախ այցելեցին Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որտեղ արժանացան Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնությունը, ապա ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին։ Այնուհետև Մաշտոցյան դպրատանը տեղի ունեցավ մրցանակների հանձնումը՝ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանի ձեռքով՝
«Լավագույն գիտական հետազոտություն» անվանակարգում՝ Խաչիկ Հարությունյանին՝ «Հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն (Թ-ԺԵ. դարեր), հիշատակարանների բառապաշարը» աշխատության համար,
«Լավագույն կատարված աշխատանք» (բնագրի հրատարակություն) անվանակարգում՝ Հրանտ Օհանյանին՝ «Սիմեոն Երևանցի, Ջամբռ» գրքի համար, «Լավագույն աշխատակից» անվանակարգում՝ վերականգնողներ Սուսաննա Կիրակոսյանին, Սուսաննա Բարսեղյան՝ Մշո Ճառընտիրի ամրակայման և մասնակի վերականգնման համար (Սուսաննա Բարսեղյանի երկրից բացակայելու պատճառով մրցանակը նրան փոխանցելու համար հանձնվեց բաժնի վարիչ Գայանե Էլիազյանին)։
Իր խոսքում Կարեն Մաթևոսյանը գնահատեց մրցանակակիրներից յուրաքանչյուրի կատարած աշխատանքը, ընդգծելով նրանց գործի կարևորությունն ու արժեքը հայագիտության համար։ Մրցանակակիրներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Մատենադարանի տնօրինությանը, մրցանակային հանձնաժողովի անդամներին և բարերարին։
Այնուհետև նրանց շնորհավորեցին պրոֆեսոր Պարլօ Տէր-Մկրտիչեանը և մրցանակաբաշխության կազմակերպչական աշխատանքներն իրականացրած՝ Մատենադարանի միջազգային կապերի բաժնի վարիչ և «Մաշտոց» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդի Քեշիշյանը։
Հանդիսության ավարտից հետո մասնակիցների խումբը մեկնեց «Արմենիա վայն» գինու գործարան, որտեղ շրջայց կատարեց Հայաստանի գինու պատմության թանգարանում։

Կիսվել