«ԲՆԱԳԻՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ» ԱՇՆԱՆԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մաշտոցյան Մատենադարանը ՌԴ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտի և Հումանիտար հետազոտությունների դպրոցի հետ համատեղ կազմակերպում է գիտաժողով ՝ «Բնագիր և մեկնություն. անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնաբանման խնդիրներ» թեմայով, որն անցկացվելու է Մատենադարանում՝ 2023 թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը։

Բնագիրը մեկնաբանողի խնդիրը դրա մանրամասների մեջ թափանցելն է, ինչպես նաև երկի ընդհանուր իմաստը, հեղինակի գաղափարը հասկանալը։ Ինչպե՞ս է դա անում բանասերը, և ինչպե՞ս են համագործակցում բնագրագիտությունը, հնագրագիտությունը, լեզվաբանությունը, պատմագիտությունն ու փիլիսոփայությունը։ Մասնավոր հատվածի մեկնաբանումը ինչպե՞ս է նպաստում ողջ երկի իմաստն ընկալելուն և հակառակը։ Այս և հարակից խնդիրների է նվիրված լինելու գիտաժողովը։

Ակնկալում ենք անտիկ ու միջնադարյան բնագրերի մեկնաբանություն բոլոր տեսանկյուններից՝ թե՛ առանձին հատվածների բացատրության, թե՛ տեսական խնդիրների արծարծում և թե՛ անտիկ ու միջնադարյան մեկնությունների քննարկում։

Խնդրում ենք զեկուցումների վերնագրերն ու սեղմագրերը մինչև սեպտեմբերի 15-ը ուղարկել Գոհար Մուրադյանին ([email protected]), Բորիս Նիկոլսկուն ([email protected]) կամ Նիկոլայ Գրինցերին ([email protected]):

Կիսվել