ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՆՈՐԸՆՏԻՐ ՏՆՕՐԵՆ ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ

Հուլիսի 20֊ին ՀՀ ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Մատենադարանի աշխատակիցներին ներկայացրեց նորընտիր տնօրեն Արայիկ Խզմալյանին։

Նախարարը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանին։

Շնորհավորելով Արայիկ Խզմալյանին՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նորընտիր տնօրենի զարգացման ծրագիրը մեծապես նպաստելու է Մատենադարանի զարգացմանը։ Նախարարը վստահեցրեց, որ Արայիկ Խզմալյանն օժտված է կառավարչական անհրաժեշտ հմտություններով, կարողություններով ու փորձառությամբ այս բազմաշերտ կառույցի ղեկավարման համար։ Նա շեշտեց. «Մատենադարանը եզակի նշանակություն ունեցող հաստատություն է պետության համար, և բոլորս կրում ենք պարտավորություն և պատասխանատվություն նրա զարգացման և միջազգային հեղինակության ամրապնդման համար»։

Արայիկ Խզմալյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանին պարտավորեցնող խոսքերի ու վստահության համար։ «Մեզ անհրաժեշտ են ռազմավարական ծրագրեր, որպեսզի դիամակայենք մեր առջև ծառացած մարտահրավերներին։ Մատենադարանը պետք է լինի առաջամարտիկ ընթացող տեղեկատվական պատերազմում», — շեշտեց Արայիկ Խզմալյանը։ Նա նշեց, որ գիտականությունը պետք է գերակայի Մատենադարանի գործունեության բոլոր ոլորտներում։ Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ նորընտիր տնօրենը վստահեցրեց, որ յուրաքանչյուր մատենադարանցի ներգրավված է լինելու հաստատության զարգացման ծրագրի իրականացման աշխատանքներում:

Կիսվել