1959 Թ. ՄԱՐՏԻ 3-ԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՍՏԱՑԱՎ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

65 տարի առաջ՝ 1959 թ. մարտի 3-ին, Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի որոշմամբ Մատենադարանը, որ ըստ էության, հին ձեռագրերի պետական պահոց էր, ստացավ գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակ:

Սրանով պետականորեն ու մասնագիտորեն ամրագրվեցին Մատենադարանի գործունեության հիմնական ուղղությունները, որոնք անփոփոխ են մինչ օրս: Դրանք էին՝ ձեռագրական ժառանգության կոնսերվացումն ու վերականգնումը, մանրաժապավենների ստեղծումը, ձեռագրերի գիտական նկարագրությունը և ցուցակագրումը, հրատարակչական, թարգմանական, լայն իմաստով՝ հանրահռչակման աշխատանքները: Գործադրվեցին հայագիտության դասական սկզբունքները, այնուհետև նորոգվեցին՝ ըստ ժամանակի գիտական հրամայականի: Եվ դժվար է գնահատականը տալ այն անգնահատելի աշխատանքի, որ իրականացրել են Մատենադարանի բոլոր տարիների աշխատակիցները՝ ճգնավորի լռությամբ ու կենտրոնացմամբ, հավատավորի անշեղ նվիրումով: Եվ մինչ օրս Մատենադարանի յուրաքանչյուր աշխատակից՝ երիտասարդ թե տարիքավոր, այս հիշողությամբ է մուտք գործում հայագիտության կաճառ, որ դժվար է համարել սոսկ աշխատավայր, քանզի մեծ է այստեղ աշխատելու բարոյահոգեբանական լիցքը, ներշնչանքի սլացքը և պատասխանատվության չափը՝ Մատենադարանը սոսկ աշխատավայր համարելու համար:

Կիսվել