ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԸՆԾԱՅԱԲԵՐՄԱՆ ՍՐԱՀՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՆՎԻՐԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ. ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի Ընծայաբերման սրահում բացվել է «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրությունը, որին ներկայացված են խոշոր նվիրատուների՝ Մատենադարանին երբևէ ընծայաբերած ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ:
Ցուցադրության արժևորվում է ևս մեկ մեծարժեք մատյանի նվիրատվությամբ։
Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուն համալրվել է բարերար Վահե Բադալյանի՝ Մատենդարանին ընծայաբերած Հովհաննես երեցի ընդօրինակած ևս մեկ Ավետարանով: Ձեռագիրը գրվել է 1454թ Բաղեշի (Բիթլիսի) նահանգի Սասունի Մոտկան գավառակի Մզուք գյուղում, որը վերջին դարերում հայ գրչության կենտրոն է եղել: Ծաղկողի անունը հայտնի չէ: Մանրանկարները պատկանում են վասպուրականյան դպրոցին: Պատվիրատուն է եղել տանուտեր Հակոբը, որն էլ այն ընծայել է Վանդիրի Ս Աստվածածին եկեղեցուն:
Այս ձեռագիրը նախորդ ընծայաբերված ձեռագրի նման հանգրվանել է Մատենադարանում պահպանվող նույն գրչի մեկ այլ Ավետարանի կողքին՝ Մզուք գյուղից պահպանված սակավաթիվ ձեռագրերից, որն ընդօրինակվել է 1452թ՝ Հովհաննես գրչի ձեռքով: Ձեռգրի պատվիրատուն եղել է Ղազար քահանան: 16-րդ դարում ձեռագիրը պահվել է Կաղրագոմի Սուրբ Ստեփանոս եկեղեցում, ապա՝ Ամրդոլու Սուրբ Հովհաննեսում: Հետագայում ձեռագիրը հիշատակվել է Սուրբ Հակոբ եկեղեցում, որտեղից էլ, հավանաբար, տեղափոխվել է Է.Ս Էջմիածին, ապա Մաշտոցի անվան Մատենադարան: Ծաղկողի անունը հայտնի չէ: Մանրանկարները պատկանում են վասպուրականյան դպրոցին:

Կիսվել