ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԶԱՐՅԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԵԾԱՆՈՒՆ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻՑ Է: ՆԱ ԸՆԾԱՅԱԲԵՐԵԼ Է ՇՈՒՐՋ 400 ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆ

Հայ մշակույթի մասունքների հայրենադարձության շարժումն անքակտելիորեն կապված է նյույորքաբնակ Հարություն Հազարյանի անվան հետ: Անցյալ դարի 20-ական թվականներից Գարեգին արք. Հովսեփյանի հորդորով նա սկսել էր հավաքել մեծ եղեռնից հետո հայ մշակույթի՝ աշխարհով մեկ ցրված բեկորները։ Հազարյանը համոզված էր, որ այդ արժեքների վերջնական հավաքատեղին մայր հայրենիքն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները դրանց ապահով ու անխաթար պահպանության և ուսումնասիրության համար:
«Ես հայ եմ և հպարտ կը զգամ թվով փոքր, իսկ մշակույթով բարձր ազգի մը զավակ ըլլալու: Ինծի համար հնար չէ արվեստի գործերու քովեն անցնիլ անտարբեր՝ առանց խանդավառվելու և հուզվելու: Ջանացեր ենք զանոնք պաշտպանել մեր տաքուկ մեկ անկյունը և մեր չնչին կարողությամբ աշխատեր ենք, որքան որ կարելի է, փրկել զանոնք կորուստե: Ցավս այն է, որ ասկե ավելի չեմ կրցած հավաքել…»-խոստովանել է բարեգործը:
Հարություն Հազարյանը ծնվել է 1895թ. Կեսարիա քաղաքում: Սովորել է Կյումուշյան վարժարանում: Այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ, ուր զբաղվել է մուշտակի առևտրով: Աշխատանքին զուգընթաց գործունյա մասնակցություն է ունեցել ամերիկահայ հասարակական կյանքին՝ միշտ կողմնորոշված դեպի հայրենի երկիրը, դեպի նորոգ հայրենիքը, ոգեշնչվել է նրա հաջողություններով ու աշխատել իր նպաստը բերել նրա վերելքին:
Հ. Հազարյանի ուշադրության կենտրոնում հիմնականում եղել են միջնադարյան ձեռագրերը: Իր երկարմյա կյանքի ընթացքում նա կարողացել է կորստից փրկել հարյուրավոր հայերեն և օտարալեզու ձեռագրեր: Հազարյանը Երևան է ուղարկել արևելյան լեզուներով՝ արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, հինդու, սանսկրիտ, եթովպերեն 300 արժեքավոր ձեռագիր, հայերեն և վրացերեն հնագույն ձեռագրերի 24 պատառիկ, իսկ, երբ 1969-ին հրավիրվել էր մասնակցելու Հովհաննես Թումանյանի ծննդան հարյուրամյակի հանդիսություններին, իր հետ բերել էր 13-14-րդ դարերի հայերեն երեք ձեռագիր, որոնցից մեկը պատկերազարդված էր Սարգիս Պիծակի մանրանկարներով: Իր հավաքածուի մեծ մասը նա ընծայաբերել է Մատենադարանին, որտեղ դրանք հատուկ խնամքով են պահվում։
Հարություն Հազարյանի ընծայաբերած բացառիկ նմուշներն այժմ ցուցադրված են «Նվիրական անուններ․ մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրությանը։

Կիսվել