ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆԻ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Մատենադարանի նվիրական անուններից է քարտեզագետ, աշխարհագրագետ, էլեկտրոինժեներ Ռուբեն Գալչյանը։ Նա բազում աշխատություններ ունի Հայաստանի ու Կովկասի պատմության, քարտեզագրության մասին, տպագրվել է հանրահայտ միջազգային ամսագրերում, դասախոսել՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Իրանում, Հայաստանում։

Ներգաղթյալների ընտանիքում մեծացած ապագա գիտնականը մեծ հետաքրքրություն ուներ հայոց պատմության հանդեպ։ Բիրմինգհեմի Ասթոն համալսարանի շրջանավարտը 1976թ-ին արդեն հավաքել էր քարտեզների իր առաջին հավաքածուն։

Գալչյանը ուսումնասիրել է հնագույն ժամանակներից մինչև այսօր գոյություն ունեցող Հայաստանին վերաբերող կարևոր քարտեզները՝ սկսած ամենահնից՝ Ք․ա․ 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկից՝ որին հետևում են հին հույն և ալեքսանդրիացի քարտեզագետների աշխատանքները, ինչպես նաև, վաղ քրիստոնեական, իսլամական ու օսմանյան քարտեզները, մինչև՝ եվրոպական բացառիկ նմուշներ։ Հազվագյուտ քարտեզագրական գանձերը ի մի բերելու համար Ռուբեն Գալչյանը քարտեզներ է ընտրել Բրիտանական, Ֆրանսիայի Ազգային, Ավստրիայի, Մյունխենի քաղաքային գրադարաններից, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանից, ինչպես նաև, Օքսֆորդի, Մանչեստրի և Իտալիայի տարբեր քաղաքների գրադարաններից ու թանգարաններից։

Գիտնականը հաստատում է՝ «Ավելի քան 2500 տարի է, որ հայերն անընդմեջ ապրել են Հայկական Բարձրավանդակում և հարևան շրջաններում, դա կարելի է տեսնել տարբեր ժամանակաշրջանների քարտեզների, ձեռագրերի և փաստաթղթերի վրա։ Հայաստան անունը նույնիսկ առկա է պորտոլան քարտեզներում, որոնք պատրաստվում էին ծովագնացության համար»։

Ռուբեն Գալչյանի առաջին ընծայաբերումը Մատենադարանին՝ 2013թ․-ին էր։ Ահռելի է նրա նվիրաբերումների քանակը՝ արխիվային ֆոնդին տրամադրել է 257 միավոր, որից 238-ը քարտեզներ են, մնացյալը՝ գրաֆիկա, լուսանկար ու մամուլի կտրոն, իսկ գրադարանին՝ 646 անուն հայերեն և օտարալեզու գրքեր, բառարաններ, ատլասներ, ինչպես նաև 5 հնատիպ գիրք՝ թվագրվող 1800-ականներին։

Աշխարհի քարտեզագրական ժառանգության մի ահռելի մաս՝ շնորհիվ հանրաճանաչ գիտնականի, այսօր պահվում է Մատենադարանում և հանդիսանում մեծագույն արժեք հետազոտողների համար։

Կիսվել