ՈԳԵՂԵՆ ԻՐԵՐ, ՀԱՎԵՐԺԱՑԱԾ ՊԱՏԿԵՐՆԵՐ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՆՁԵՐԸ

Ս․թ․ հոկտեմբերի 1-ին Մատենադարանի թանգարանում բացվելու է «Ոգեղեն իրեր, հավերժացած պատկերներ. Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձերը» խորագրով ցուցադրություն։
Ինչպես հայտնի է, Մատենադարանի հիմքում ընկած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավաքածուները, որոնք հետագա տասնամյակներում համալրվել են հազարավոր նոր միավորներով։
Մատենադարանի պահոցներում եղել են նաև հարյուրավոր ապակե նեգատիվներ։ Հայաստանի պատմության թանգարանում դրանք թվայնացվել են և պարզվել է, որ նեգատիվների բովանդակության ճնշող մեծամասնությունը ներկայացնում է Վաղարշապատը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճար և հարակից շրջակայք, թանգարանային հավաքածու:
Այս ցուցադրությամբ փորձել ենք մեկտեղել Մաշտոցյան Մատենադարանում ամբարված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին առնչվող հսկայական ժառանգության մի մասը՝ ձեռագիր մատյանների, արխիվային փաստաթղթերի, տպագիր գրքի և լուսանկարների տեսքով, որոնք բովանդակային առումով լրացվել և համադրվել են Հայաստանի մի շարք թանգարաններից բերված ցուցանմուշներով։
Նշյալ ցուցադրության շրջանակում այցելուն կարող է բացահայտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարբեր տեսանկյուններից՝ զուգահեռաբար տեսնելով Էջմիածնում գրված Մաշտոցյան Մատենադարանում պահվող ամենավաղ թվագրություն ունեցող ձեռագրից մինչև 1771 թ. Էջմիածնում հիմնադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի տպարանում հրատարակված առաջին հնատիպ գրքեր, տարբեր դարաշրջաններում նկարազարդված Մայր տաճարը ներկայացնող մանրանկարներից մինչև գահակալած կաթողիկոսների արձակած հրովարտակներ և բազմաբովանդակ լուսանկարներ։

Կիսվել