ԱՄՓՈՓՎԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱԼ-ՖԱՐԱԲԻԻ FARABI UNIVERSITY ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2026թ. փետրվարի 17-20-ը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը և զարգացման գծով տեղակալ Տաթևիկ Մուրադյանը Ղազախստանի ազգային համալսարանի ռեկտոր Ժանսեիտ Տույմեբաևի հրավերով եղել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում։

Հայկական պատվիրակության համար կազմակերպվել է ճանաչողական այց համալսարանի ստորաբաժանումներում, ինչպես նաև՝ համալսարանի գրադարանում պահվող հայ հեղինակների գրքերի հատուկ ցուցադրություն։

Տեղի է ունեցել հանդիպում համալսարանի ղեկավար անձնակազմի հետ, որից հետո համալսարանի ռեկտորը և Մատենադարանի տնօրենը ստորագրել են համագործակցության հուշագիր։

Դրանով նախատեսվում է գրավոր ժառանգության, մասնավորաբար՝ հայատառ ղփչաղերեն բնագրերի համատեղ ուսումնասիրություն, համագործակցություն հրատարակչական ծրագրերի ոլորտում, մասնագիտական փոխանակումներ և այլն։

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մասնակցությամբ ելույթ են ունեցել Մատենադարանի տնօրենի տեղակալները՝ ներկայացնելով կառույցի գիտական գործունեությունը և զարգացման ծրագրերը։

Մատենադարանի տնօրենն իր ողջույնի խոսքում մասնավորաբար նշել է, որ վերջին շրջանում հայ-ղազախական միջպետական բարձր մակարդակի հարաբերությունները, աննախադեպ ակտիվության հասած քաղաքական, տնտեսական , գիտակրթական շփումները պետք է սնուցվեն և ամրապնդվեն գիտական և ստեղծագործական մտավորականության համատեղ նախաձեռնություններով։

Արա Խզմալյանը Ղազախստանի ազգային գրադարանին է նվիրաբերել Մատենադարանի հրատարակած գրքերը։

Կիսվել