ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Մաշտոցի անվան Մատենադարանի և Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության հետ համագործակցությամբ Մատենադարանի նիստերի դահլիճում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագրքի» շնորհանդեսը: Գիրքը նվիրված է 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարի իրանահայ համայնքի պատմությանը։
Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, որը շեշտեց գրքի բացառիկ աղբյուրագիտական արժեքը և նշեց, որ գրքի լույսընծայումը Մատենադարանի և Սփյուռքի նախարարության փայլուն համագործակցության արգասիքն է:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որտեղ մասնավորապես շեշտվում էր դարեր շարունակ Իրանի Իսլամական Հանրապետությունում հայերի համար ապրելու և ստեղծագործելու լավագույն պայմանների առկայության փաստը։ «Իրանի հայ համայնքը դարձել է Հայաստան-Իրան դարավոր բարեկամության ամրակուռ կամուրջը», նշված էր նախարարի խոսքում: Սփյուռքի նախարարությունը, բարձր գնահատելով Փերիո կրթասիրաց միության նախաձեռնությունը գրքի լույսընծայման գործում, կազմակերպությանը պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առաջին քարտուղար Հոսեին Շիրխանին: Վերջինս, փոխանցելով ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադի խոսքը՝ շնորհակալություն հայտնեց Փերիո կրթասիրաց միությանը և Մաշտոցի անվան Մատենադարանին՝ գրքի լույսընծայումը, աշխարհաբար փոխադրության գործը և շնորհանդեսը կազմակերպելու համար:
Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության կողմից գրքի հրատարակման պատասխանատու Գասպար Ամիրխանյանը նշեց, որ գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել Թեհրանում հուլիսի 19-ին: «Այս գրքի հրատարակումը Հայաստան-Սփյուռք լավագույն գործակցության արդյունք է և հուսով եմ՝ այն շարունակական կլինի»,- հույս հայտնեց Գ. Ամիրխանյանը։ Գրքի փոխադրության և տպագրության աշխատանքներին աջակցելու և շնորհանդեսը կազմակերպելու համար Գասպար Ամիրխանյանը Փերիո Կրթասիրաց միության շնոհակալագրերով պարգևատրեց Վահան Բայբուրդյանին, Թամարա Մինասյանին, Լուսինե Թումանյանին, Հասմիկ Կիրակոսյանին և ՀՀ ՍՆ Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչությանը:
Իրանում Հայաստանի առաջին արտակարգ և լիազոր դեսպան, գրքի նախաբանի հեղինակ պ. գ. դ. Վահան Բայբուրդյանը խոսեց հայ մշակույթի զարգացման գործում իրանահայ համայնքի ներդրման մասին, ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարի ներգրավվածությունն այդ նախաձեռնությանը:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը և Մատենադարանի Արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի վարիչ Կարեն Մաթևոսյանը ներկայացրին գրքի պատմագիտական-աղբյուրագիտական և բանասիրական արժեքները
Գրքի՝ աշխարհաբար փոխադրելու աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանը:
Շնորհանդեսի ավարտից առաջ ՀՀ-ում Իրանի դեսպանության առաջին քարտուղար Հոսեին Շիրխանին դեսպանի անունից Մատենադարանին նվիրեց իրանական զարդանախշերով մի գեղեցիկ գորգ:

Կիսվել