ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԸ

2017 թ. սեպտեմբերի 26-ին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում ՀՀ Մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկեց «Հիշողության կերպարանքները. Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 7-րդ միջազգային գիտագործնական սեմինարը:
  Նախքան միջազգային սեմինարի մեկնարկը, Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ սեմինարին նվիրված մամուլի ասուլիս։ Լրագրողներին հետաքրքրող  հարցերը պարզաբանեցին և սեմինարի վերաբերյալ համապարփակ տեղեկություններ հաղորդեցին Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, սեմինարի ղեկավար Արա Խզմալյանը, Ռուսաստանի պետական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գուսևը, Եվրասիայի գրադարանային համաժողովի գործադիր տնօրեն Մարիա Ներյուևան, Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը։
  Այնուհետև կայացավ գիտագործնական սեմինարի բացման արարողությունը: Սեմինարի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Վերջինս իր խոսքում մասնավորապես ասաց, որ «միջազգային 7-րդ գիտագործնական սեմինարն աննախադեպ է գործունեության լայն շրջանակների և մասնակիցների կազմի առումով», և հավելեց, որ գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան շուրջ 50 մասնագետներ Հայաստանից, ԱՊՀ, Բալթյան երկրներից, Վրաստանից և Գերմանիայից: Տնօրենի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ «սեմինարի արդյունքում Երևանը, մասնավորապես Մատենադարանը, կդառնա հին ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի և հնատիպ գրքերի պահպանության ու վերականգնման ոլորտի մի շարք առաջատար մասնագետների ձգողական խոշոր կենտրոն»:
  Ելույթով հանդես եկավ սեմինարի ղեկավար Արա Խզմալյանը: Նա մասնակիցներին ներկայացրեց միջազգային գիտագործնական սեմինարի անցած ճանապարհը և գրանցած հաջողությունները: Ա. Խզմալյանը նախանշեց ընթացիկ սեմինարից ակնկալվող արդյունքները, նաև շնորհակալություն հայտնեց սեմինարի բոլոր աջակիցներին ու հովանավորներին:
  Ելույթ ունեցավ նաև Բելառուսի Հանրապետության Ազգային գրադարանի տնօրեն Ռոման Մոտուլսկին: Վերջինս կարևորեց «Հիշողության կերպարանքները» միջազգային գիտագործնական սեմինարի նշանակությունն ամբողջ ԱՊՀ տարածքում: Ռ. Մոտուլսկին սեմինարի մասնակիցներին մաղթեց արգասաբեր աշխատանք և հույս հայտնեց, որ Մատենադարանի հետ համագործակցությունը շարունակական կլինի:
  Սեմինարի բացման արարողությունը հագեցած էր տեսանյութերով, որոնք մասնակիցներին էին ներկայացնում Հայաստանը, Մատենադարանը, սեմինարի անցած ուղին: Սեմինարի բացման արարողությունն ուներ նաև մշակութային մաս. համերգային ծրագրով հանդես եկավ «Գեղարդ» երգեցիկ խումբը: Գիտաժողովի բացման արարողության ավարտին մասնակիցները ծանոթացան Մատենադարանի վերականգնման բաժնի պատրաստած ցուցադրությանը:
  Սեմինարի շրջանակներում  սեպտեմբերի 26-ին, 27-ին, 28-ին և 29-ին կանցկացվեն վարպետության դասեր, առանձին թեմաների նվիրված կլոր սեղաններ, շնորհանդեսներ, մշակութային ծրագրեր և այլն։
  Սեմինարի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվական գրքույկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կիսվել