Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանը ներկայացնում է հայկական ձեռագրական մշակույթի պատմությունը և դրա զարգացումը վաղ միջնադարից մինչև նոր ժամանակներ։ Թանգարանի շենքը նախագծել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանը։ Կառուցվել է 1945-1957 թվականներին և իր ճարտարապետական լուծումներով ներշնչված է հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետությունից։

Կառույցի դիմաց և ճակատային հատվածում տեղադրված են հայոց գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի ու հայ մշակույթի և գրավոր ավանդույթի նշանավոր դեմքերի արձանները։ Արձանախումբը դառնում է մտքի պատմության խորհրդանիշ, իսկ շենքը՝ յուրատեսակ նախաբան՝ պատրաստելով այցելուին դարերի խորքից եկող գրավոր մշակույթի հետ հանդիպմանը։

Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է հայկական ձեռագրական արվեստի զարգացման հիմնական փուլերը։ Այստեղ ցուցադրվում են կրոնական, պատմագրական, բժշկական և փիլիսոփայական աշխատություններ, ինչպես նաև մանրանկարչության նմուշներ և միջնադարյան թարգմանական գրականության օրինակներ։ Ձեռագրերը ներկայացվում են ոչ միայն որպես գրավոր աղբյուրներ, այլ նաև որպես միջնադարյան արվեստի բացառիկ նմուշներ։

Թանգարանում գործում են նաև տեսողության խնդիրներ ունեցող այցելուների համար նախատեսված շոշափական ցուցափեղկեր, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու միջնադարյան ձեռագրական արվեստի առանձնահատկությունների վերաբերյալ։

Թանգարանի ցուցադրական տարածքներում առանձնանում է նաև քարտեզների սրահը, որտեղ ներկայացված են տարբեր ժամանակաշրջանների քարտեզներ և աշխարհագրական նյութեր՝ կապված Հայաստանի և տարածաշրջանի պատմության հետ։

Օտարալեզու ձեռագրերի սրահ
Այս սրահում ներկայացված են արաբերեն, պարսկերեն, հին հունարեն, լատիներեն, ասորերեն և այլ լեզուներով ձեռագրեր։ Հավաքածուն արտացոլում է Հայաստանի պատմական դերը որպես մշակութային և գիտական կապերի կարևոր հանգույց։ Այստեղ ներկայացված նյութերը վկայում են տարբեր քաղաքակրթությունների միջև գիտական և մշակութային փոխազդեցությունների մասին։

«Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արհեստ և արվեստ» լաբորատորիա
Սրահը ներկայացնում է ձեռագրերի ստեղծման նյութական և տեխնիկական առանձնահատկությունները։ Այցելուները կարող են ծանոթանալ միջնադարյան ներկերի պատրաստման եղանակներին, մանրանկարչության տեխնիկային, մագաղաթի մշակման գործընթացին և հայկական բժշկագիտական ձեռագրերում պահպանված գիտելիքին։ Լաբորատորիան ցույց է տալիս, թե ինչպես էին գիտությունը, արվեստը և արհեստը միավորվում ձեռագրերի ստեղծման գործում։

Կրթամշակութային սրահ
Կրթամշակութային սրահում կազմակերպվում են դասախոսություններ, հանդիպումներ, ցուցադրություններ և կրթական ծրագրեր։ Այս տարածքը նախատեսված է դպրոցականների, ուսանողների և հետազոտողների համար ու նպաստում է ձեռագրական ժառանգության հանրահռչակմանը։

Ընծայաբերման սրահ
2023 թվականից թանգարանի սրահներից մեկը կոչվում է «Ընծայաբերման սրահ»։ Այստեղ կազմակերպվում են «Մատյանների տունդարձը» արշավի շրջանակում ձեռք բերված ձեռագրերի նվիրաբերման հանդիսավոր արարողությունները։ Սրահը նաև օգտագործվում է ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման համար, որոնց ընթացքում ներկայացվում են Մատենադարանի հավաքածուների տարբեր թեմատիկ նյութեր և նոր ձեռքբերումներ։    

Թանգարանի ղեկավար՝ արվ.գ.թ. Իվեթ Թաջարյան (010) 51 30 45

Թանգարանը բաց է՝
երեքշաբթի-շաբաթ 10:00 — 17:50

Հեռ.՝ (010) 56 25 78, (010) 51 30 43

Ազատ օրեր՝
կիրակի, երկուշաբթի, տոներ և հիշատակի օրեր

Տոմսարկղը բաց է՝
երեքշաբթի-շաբաթ 10:00 — 16:50
Հեռ.՝ (010) 51 30 14


Կիսվել