Հայ հնատիպ գրքերի համահավաք մի ամբողջ շտեմարան գտնվում է Մատենադարանում

Մաշտոցի անվան Մատենադարանի հնատիպ գրքերի հավաքածուում պահվում է շուրջ 2500 հնատիպ գիրք, որոնք թվագրվում են 1512-ից մինչև 1800թ.-ը: Հավաքածուի 95 անուն գիրք հնատիպ գրքերի եզակի օրինակներ են: Գրքերից շատերը իրենց տեսքով, զարդատառերով ու լուսանցազարդերով, տպագիր ու ձեռագիր հիշատակարաններով հարուստ նյութ են պարունակում մատենագիտությամբ ու բանասիրությամբ զբաղվող հետազոտողների համար: Հավաքածուի մեջ կան մատենագիտական տեսակետից հազվագյուտ այնպիսի գրքեր, ինչպիսիք են հայերեն առաջին տպագիր գիրքը ՝ «Ուրբաթագիրքը», տպագրված Վենետիկում 1512թ. Հակոբ Մեղապարտի ջանքերով, նույն տպարանում 1513 թ.-ին տպված «Տաղարանն» ու «Աղթարքը», «Պարզատումարը», 1565 թ.-ին Աբգար դպրի ջանքերով իր իսկ հիմնադրած տպարանում տպագրած «Սաղմոսարանը», 1666 թ.–ին Ամստերդամում Ոսկան Երևանցու տպագրած հայերեն առաջին Աստվածաշունչը և այլն:
Ուշարժաններից է նաև 1587 թ. Հովհաննես Տերզնցու Վենետիկում հրատարակած Սաղմոսարանի պակասավոր օրինակը, որի տիտղոսաթերթը և Ա մամուլը թեև բացակայում են, բայց և այնպես այն պահպանված եզակի օրինակներից է: Հավաքածուի հիմնապաշարում են գտնվում նաև Միլանում 1621 թ. Ֆրանչիսկո Ռիվոլայի հայերեն-լատիներեն բառարանը՝ «Բառգիրք Հայոց»-ը, որը 2-րդ անգավ 1633թ. վերահրատարակվել է Փարզում՝ ամբողջությամբ կամ մեծամասամբ անփոփոխ, 1634թ. Հռոմի Արքունի տպարանում հրատարակված «Առաւել պարզաբանութիւն քրիստոնէա-կան վարդապետութեան» գիրքը, 1642թ. Հռոմի Ուրբանյան տպարանում լույս ընծայված «Պատարագատետր»-ը, Ոսկան Երևանցու կողմից Ամստերդամում 1666թ. հրատարակած «Քերականութիւն»-ը, Վենետիկում՝ 1682թ. և 1684թ. տպագրված «Սաղմոսարան»-ները, և մի շարք այլ արժեքավոր աշխատություններ, որոնք թվագրվում են 16-17-րդ դարերով:
