Վերականգնման բաժինը կազմավորվել է Մատենադարանի՝ Երևան տեղափոխվելու տարեթվին՝ 1939 թ․։ Ներկայումս այն տարածաշրջանում նմանատիպ եզակի կառույց է։ Բաժինը զբաղվում է խոնավության, կրակի, սնկերի, մանրէների, կրծողների ու միջատների քայքայիչ ազդեցությանը ենթարկված թղթյա և մագաղաթյա ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի, մանրանկարների և գրաֆիկական աշխատանքների կոնսերվացմամբ և վերականգնմամբ։

Բաժինը կահավորված է ժամանակակից սարքավորումներով և աշխատում է ավանդական մեթոդների ու նորագույն տեխնոլոգիաների համադրությամբ՝ կիրառելով պահպանող-վերականգնողների եվրոպական կազմակերպությունների դաշնության (E.C.C.O.) կողմից առաջարկվող մասնագիտական չափանիշները։

Վերականգնման բաժնի գործունեության հիմնական ուղղություններն են՝

• ձեռագրերի, հնատիպ գրքերի և վավերագրերի կոնսերվացում, պատռվածքների ամրացում և թերթերի կորսված մասերի վերականգնում
• մանրանկարների վիճակի զննում և ամրակայում
• բոլոր տեսակի կաշվե կազմերի վերականգնում և պահպանում
• մագաղաթի փափկեցում, ձևախախտումների և այլ վնասվածքների վերացում
• միջնադարյան արծաթակազմ ձեռագրերի կազմերի նորոգում և վերակազմում իրենց սկզբնական տեսքով
• Մատենադարանի ձեռագրերի, հնատիպ գրքերի և վավերագրերի ֆիզիկական վիճակի մշտադիտարկում
• մասնագետների ուսուցում և վերապատրաստում

Բաժինը համագործակցում է արտասահմանյան հեղինակավոր գիտական և մշակութային կենտրոնների հետ՝ Բեռլինի ազգային գրադարանի, Իտալիայի Գրքերի պաթոլոգիայի ինստիտուտի, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանի, Ռուսաստանի պետական գրադարանի, Մոսկվայի Գրաբարի անվան վերականգնման կենտրոնի, Լոնդոնի թագավորական քոլեջի, Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի և Սանկտ Պետերբուրգի «Ռոսֆոտո» միավորման հետ։

Վերականգնման բաժինը Մատենադարանի հավաքածուների պահպանման և վերականգնման աշխատանքներից բացի իրականացնում է նաև խորհրդատվական և վերականգնողական աշխատանքներ Հայաստանի թանգարանների ու գրադարանների, ինչպես նաև սփյուռքի հայկական հավաքածուների համար։

«Լեռնային Ղարաբաղի գրավոր ժառանգության վերականգնման և հանրահռչակման վերականգնման համալիր միջամտություններ» ծրագրի շրջանակում /«Մշակութային արժեքների պահպանություն» ԱՄՆ դեսպանի հիմնադրամ/ իրականացվում են թղթի ամրակայման, կորուստների լրացման , թանաքների չեզոքացման և կազմերի կառուցվածքային վերականգնման համալիր միջամտություններ։

Հետազոտությունները կատարվումեն  FTIR ( Lumos, Brucker) սպեկտրոսկոպի և XRF(Hitachi) անալիզատորի օգնությամբ, ինչը թույլ է տալիս ընտրել քիմիապես համատեղելի միջամտություններ՝ բացառելով հետագա քայքայման ռիսկերը։

Մատենադարանի վերականգնման բաժինը համահայկական հիշողության պահպանման կարևոր ինստիտուցիոնալ կենտրոն է, որի առաքելության կարևոր ուղղություններից մեկը Սփյուռքի հայկական գրավոր ժառանգության վերականգնումն ու պահպանությունն է, (Երուսաղեմի պատրիարքարան, Վիեննայի Մխիթաարյան միաբանություն, Անթիլյասի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարան, Զմմառի Սուրբ Աստվածածին վանք, Նոր Ջուղայի(Իսֆահան) Սուրբ Ամենափրկիչ վանք, Ամերիկայի հայկական թանգարանում և այլն):

Վերականգնման բաժնի կազմում գործում են նաև մասնագիտացված ենթակառույցներ՝

Կենսաքիմիական լաբորատորիա
Թղթի արտադրամաս
Արաբական ձեռագրերի վերականգնման լաբորատորիա

Հայկական վերակագնողական թղթի արտադրություն
2025թ.-ի մայիսի 22-ին Մատենադարանում բացվեց հայկական վերականգնողական թղթի արտադրամասը։ Գրավոր ժառանգության վերականգնման համար անհրաժեշտ թուղթն արդեն արտադրվում է նաև Մատենադարանում՝ մեծացնելով կառույցի անկախությունը միջազգային շուկայից և բացելով ձեռնարկատիրական գործունեության նոր հեռանկարներ։ Արտադրամասի ստեղծումը համահունչ է Մատենադարանի՝ աշխարհասփյուռ ձեռագրական արժեքների հանդեպ մասնագիտական պատասխանատվության հանձնառությանը

Արաբական ձեռագրերի վերականգնման լաբորատորիա
Արաբատառ ձեռագրերի վերականգնման նախագիծը, հաստատված Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի կողմից (International Alliance for the Protection of Heritage (ALIPH)  իրագործվում է. հատուկ  վերականգնման լաբորատորիայի ստեղծմամբ, ինչը նոր ճանապարհ կբացի արաբատառ հավաքածուի ուսումնասիրման, ամրակայման և վերականգնման գործում:


Բաժնի վարիչ՝ Գայանե Էլիազյան
քիմիական գիտությունների թեկնածու
Հեռ.` +374 (010) 513017, ներքին` 1-30

Կիսվել