Մատենադարանի վերականգնողական բաժինը իրականացնում է հետևյալ գործողությունները ձեռագրերի, մագաղաթների, պատառիկների և հնատիպ գրքերի վերականգնման համար՝
— միկրոկենսաբանական և միջատաբանական զննում, թանաքների թթվայնության որոշում և չեզոքացում
— բոլոր տեսակի կաշվե կազմերի վերականգնում և պահպանում
— մագաղաթի փափկեցում, դեֆորմացիաների և այլ վնասվածքների վերացում և վերականգնում,
— ձեռագրերի, հնատիպ գրքերի և վավերագրերի կոնսերվացում, պատռվածքների ամրացում, թերթերի կորսված հատվածների վերականգնում։
Աշխատանքների ամենակարևոր մասն է կազմում նմուշների կոնսերվացումը, որը ներառում է հետևյալ փուլերը.
— նմուշի ֆիզիկական վիճակի ֆոտոֆիքսում և փաստագրում
— կենսաբանական հետազոտություն սնկերի և նրանց սպորների, ինչպես նաև մանրէների բացահայտում, նմուշների ախտահանում և բուժման ուղիների ընտրություն՝ համապատասխան սնկերի դեմ պայքարելու նպատակով
— փոշեհանում և զանազան բծերի վերացում (մոմերի, յուղի, ֆոքսինգի, ինչպես նաև անհայտ բնույթի բծերի)
— մանրանկարների վիճակի ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում` մանրանկարների ամրացում
— թթվայնության աստիճանի որոշում և անհրաժեշտության դեպքում թանաքների չեզոքացում
— ձեռագրերի կազմերի ախտահանում և բուժում:
Վերը նշված աշխատանքներից հետո կատարվում է նմուշի վերականգնում, որի ընթացքը կախված է վնասվածության աստիճանից և կատարվում է ձեռագրի պատմական տեսքը պահպանելու սկզբունքով:
Ձեռագիրը քանդվում է միայն այն դեպքում, երբ գրեթե չունի նախնական ձևավորված որևէ տեսք, վնասվածության աստիճանը գնահատվում է ծայրահեղ վատ և վտանգված է լինում ձեռագրի հետագա գոյությունը:
Կատարվում է պատռվածքների ամրացում և կորուստների լրացում, օգտագործվում են հատուկ ճապոնական թղթեր և բնական սոսինձներ:
Մագաղաթյա նմուշները վերականգնվում են խոնավացման և հարթեցման փուլերից հետո, օգտագործվում են մագաղաթյա կամ ձկան սոսինձներ և վերականգնողական մագաղաթ կամ ճապոնական թղթեր:
Տպագիր գրականությունը և մամուլը վերականգնվում են թղթալցնող սարքի օգնությամբ, օգտագործվում է հատուկ թղթի զանգված և մեթիլցելյուլոզա:
Բաժինը գտնվում է Մատենադարանի գիտական մասնաշենքի 2-րդ հարկում, հեռ.` 010 51 00 17