ԲԱՑՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր մասնակցել են Մատենադարանի նոր գիտական մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ նախագահն ասել է, որ «Մատենադարանի վերականգնման աշխատանքների ամփոփումը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարություններին վայել գործ է»:
   «Երևանը հարուստ է գեղեցիկ եւ խորհրդանշական շինություններով, սակայն իր էական և բովանդակային կշռով Մատենադարանն անգնահատելի է և անմրցակից: Մատենադարանը մեր ամեն ինչն է` լեզուն, գրականությունը, պատմությունը, գիտությունը, կենսագրությունը, մեր գալիք բոլոր հաղթանակների խարիսխը, մեր մշտական և հարատև մեկնակետը», — ասել է ՀՀ նախագահը:
   Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մատենադարանի աշխատակիցներին դժվարություններին, ցածր աշխատավարձերին և կենցաղային խնդիրներին դիմագրավելու համար:

   «Մատենադարանը նաև գիտական և հետազոտական կենտրոն է, որտեղ աշխատում են իսկական նվիրյալներ, որոնք դիմացել են դժվարություններին, ցածր աշխատավարձերին, կենցաղային դժվարություններին և օրնիբուն աշխատանքով պահել են հաստատությունը: Մատենադարանի նոր կառույցը երազանք է եղել բոլորիս համար, որն այսօր իրականություն է: Մատենադարանի հանդեպ ուշադրությունը այսուհետ ևս չի նվազելու: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Մատենադարանը ոչնչով չզիջի աշխարհի միջնադարագիտական եւ ձեռագրագիտական կենտրոններին»,- ասել է նախագահը:
Մատենադարանի բացման արարողությանը ներկա է եղել եւ իր օրհնությունն է տվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
«Խորհրդանշական է, որ Մատենադարանի նորակառույց այս շենքի բացումը կատարվում է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանակում, քանզի ձեռագիր մատյանները կրթել և հայոց հոգիներում հաստատել են ազատության պայքարի տենչը»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
   Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն էլ նոր մասնաշենքի բացումն անվանել է «դարակազմիկ երևույթ» և նշել, որ այն համընկնել է նաև Սուրբ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակի հետ:
   «Անձեռակերտ Մատենադարանը մեր ինքնությունն է, դրոշը, զինանշանը և հավետ հնչող օրհներգը: Այսուհետ մենք մեր ստեղծագործ աշխատանքով պետք է ձևավորենք նրա ներքին կառույցը»,- ասել է նա:
   Մատենադարանի նոր գիտական մասնաշենքը կառուցվել է “ՄոնԱրխ”  շինարարական կոնցեռնի նախագահ, ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով, իսկ գլխավոր ճարտարապետը Արթուր Մեսչյանն է:

Աղբյուր՝ mediamax.am

Կիսվել