«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, 2011 թվականի հոկտեմբերի 24-28-ը, ՀՀ Մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, անց է կացնում «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինար` նվիրված հայ գրատպության 500- ամյակին:
Մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի, Եվրոպական մի շարք երկրների առաջատար արխիվային, գրադարանային և թանգարանային հաստատությունների հեղինակավոր մասնագետներ (վերականգնողներ, ֆոնդապահներ, բարձր տեխնոլոգիաների մասնագետներ)։
Նախագծի ղեկավարն է արվեստաբանության թեկնածու, Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման և թվայնացման բաժնի վարիչ, ICOM – ի անդամ՝ Արա Խզմալյանը։
Սեմինարը կտա երիտասարդ մասնագետների կատարելագործման, փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակման ու կատարելագործման հնարավորություն։
Սեմինարի ընթացքում կքննարկվեն մասնագիտական հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման եղանակները, պահպանման և վերականգման գործում մասնակից երկրների ձեռքբերումները: Տեսական բնույթից բացի՝ սեմինարն ունենալու է ընդգծված գործնական նպատակներ:
Սեմինարի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր, առանձին թեմաներին նվիրված կլոր սեղաններ, մշակութային ծրագրեր:
Համագործակիցներն են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվը և Հայաստանի Ազգային արխիվը։