ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԵՎ ԹԵՄԱՏԻԿ ՎԱՐԺԱՆՔ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2012 թ. հոկտեմբերի 7-11-ը հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումների շրջանակում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ՀՀ մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունենալու «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» II միջազգային գիտագործնական սեմինարը և ՅՈւՆԵՍԿՕ/ԻԿՕՄ-ի Տարածաշրջանային թեմատիկ վարժանքը«Կանխարգելիչ կոնսերվացումը թանգարանային հավաքածուների պահպանման հիմնական գործոն. ձեռագիր հավաքածուներ»:
Նշված ծրագրերի շրջանակում նախատեսվում են դասախոսություններ, վարպետության դասեր և կլոր սեղան–հաղորդումներ, որոնք վարելու են ԱՊՀ, Բալթյան և Եվրոպական երկրների թանգարանային, գրադարանային, արխիվային առաջատար հաստատությունների, վերականգնողական կենտրոնների հեղինակավոր մասնագետներ: Արծարծվելու են ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման հիմնական ոլորտների (վերականգնում, ֆոնդային աշխատանքներ և թվայնացում) արդի խնդիրները և դրանց լուծման եղանակները (Վ.Պարֆյոնով«Թղթի և մագաղաթի լազերային մաքրում» (ՌԴ), Պ.Լիվի «Գրքի կազմերի վերականգնում» (Իտալիա), Տ.Տիմչենկո«Փաստաթղթերը թվայնացմանը նախապատրաստելու ռազմավարության հարցի շուրջ» (Լիտվա), Մ.Յաշկե «Թղթի նախապատրաստումը ժամանակակից կազմերի համար» (Գերմանիա), Ա.Գորիշնյակ«Արխիվային ժառանգության կոնսերվացումն ու վերականգնումը. հազվագյուտ գրքեր, ձեռագրեր, փաստաթղթեր» (Ուկրաինա), Լ.Արոնով «Փաստաթղթերի պահպանման ապահովման կազմակերպումը ՌԴ պետական արխիվում» (Ռուսաստան) և այլն):
Նախատեսվում է նաև երկու նախագծերի մասնակիցների միացյալ կլոր սեղան«Մատենադարանը բազային կազմակերպություն գրավոր ժառանգության պահպանման ոլորտում» թեմայով:
Մամլո ասուլիսի շրջանակում կներկայացվի «Հիշողության կերպարանքները» I միջազգային սեմինարի նյութերն ամփոփող ժողովածուն:
Նախագծերին նվիրված մամլո ասուլիսը տեղի կունենա 2012 թ. հոկտեմբերի 7-ին, ժ. 12.00-ին, Մատենադարանի նիստերի դահլիճում` մասնակցությամբ Մատենադարանի տնօրինության, կազկոմիտեի անդամների և հրավիրված կողմերի:

Կիսվել