Մատենադարանի վիրտուալ սրահում հանդիսավոր կերպով Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Մատենադարանի ասպիրանտներին հանձնեց տարեկան կրթաթոշակների հավաստագրեր, որոնք տրամադրվել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացվող 2014թ. ասպիրանտական կրթության ծրագրի շրջանակներում:
Մատենադարանի հեռանկարային զարգացման առաջնահերթություններից հանդիսացող այս ծրագրի շրջանակներում պատմագրություն, աղբյուրագիտություն, արվեստի պատմություն և տեսություն, համաշխարհային պատմություն մասնագիտությունների գծով ութ երիտասարդ ասպիրանտներ կստանան ՀԲԸՄ կրթաթոշակներ։ Երիտասարդ ասպիրանտներն աշխատում են Մատենադարանի Արվեստի պատմության ու գրչության կենտրոնների, Արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման, Արխիվային փաստաթղթերի պահպանման և գիտական մշակման, ինչպես նաև Թվայնացման բաժիններում:
Այս ծրագրի մեկնարկով Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շարունակում է Մատենադարանի հիմնադրման օրերից սկիզբ առած սերտ համագործակցությունը: ՀԲԸ միությունն անցած տարիներին հովանավորել և աջակցել է Մատենադարանին իր գործունեության տարբեր ոլորտներում՝ այդ թվում նաև հրատարակչական ծրագրերում: