ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Մատենադարանի վիրտուալ սրահում հանդիսավոր կերպով Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Մատենադարանի ասպիրանտներին հանձնեց տարեկան կրթաթոշակների հավաստագրեր, որոնք տրամադրվել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացվող 2014թ. ասպիրանտական կրթության ծրագրի շրջանակներում:
 Մատենադարանի հեռանկարային զարգացման առաջնահերթություններից հանդիսացող այս ծրագրի շրջանակներում պատմագրություն, աղբյուրագիտություն, արվեստի պատմություն և տեսություն, համաշխարհային պատմություն մասնագիտությունների գծով ութ երիտասարդ ասպիրանտներ  կստանան ՀԲԸՄ կրթաթոշակներ։ Երիտասարդ ասպիրանտներն աշխատում են Մատենադարանի Արվեստի պատմության ու գրչության կենտրոնների, Արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման, Արխիվային փաստաթղթերի պահպանման և գիտական մշակման, ինչպես նաև Թվայնացման բաժիններում:

   Այս ծրագրի մեկնարկով Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շարունակում է Մատենադարանի հիմնադրման օրերից սկիզբ առած սերտ համագործակցությունը: ՀԲԸ միությունն անցած տարիներին հովանավորել և աջակցել է Մատենադարանին իր գործունեության տարբեր ոլորտներում՝ այդ թվում նաև հրատարակչական ծրագրերում:

Կիսվել