ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լույս է տեսել Մատենադարանի գիտաշխատող Արուսյակ Թամրազյանի «Էսսեներ և ուսումնասիրություններ» ժողովածուն։ Ժողովածուն բովանդակում է «Մարդու կազմության տեսության վերաիմաստավորումը հայ միջնադարյան մեկնողական ավանդույթի մեջ» ուսումնասիրությունը, ինչպես նաեւ էսսեներ։
Հեղինակը փորձել է վերականգնել մարդու կազմության միջնադարյան տեսությունն ամբողջությամբ՝ ընդգրկելով նրա համատեքստում ձևավորվող հասկացությունները, խորհրդապատկերները, տարատեսակ զուգահեռումները: Այս համապատկերում դիտարկվում են նաև հարակից ոլորտները՝ երաժշտության այլաբանությունը, տիեզերական խոսքի, մարդու մեջ խտացող բանավոր խոսքի, մարդ-հոգևոր քնարի, աղոթասացության տեսությունները, համասփյուռ ձայնի («ձայնից» մեկնություններ, Հովհան Ոսկեբերանի ճառերը և այլն), տիեզերական գրերի (Գրիգոր Լուսավորիչ, Ոսկեբերան) և այլ թափառող պատկերներ:
Առանձնահատուկ քննվում է այս տեսությունը վերարծարծող բնագրային միջավայրը՝ աղբյուրների շրջանառության, քաղումների ու վերաշարադրումների ամբողջական պատկերը: Ըստ սրա` վերականգնվում են թարգմանական սկզբնաղբյուրները (Փիլոն Ալեքսանդրացի, Նեմեսիոս Եմեսացի, Գրիգոր Նյուսացի և այլն) հայ մատենագրության մեջ իրենց հետագա արտացոլումներով՝ Եղիշեից մինչև Առաքել Սյունեցի: Այս տեսակետից առաջին անգամ մանրակրկիտ վերլուծության են ենթարկվում Հովհաննես Պլուզ Երզնկացու՝ բնագրային քաղումներից վարպետորեն հյուսված ճառական մեկնությունները:
Մանրամասն ներկայացված են սաղմոսների՝ հատկապես Ներսես Լամբրոնացու (նաև Վարդան Արևելցու, Գրիգոր Տաթևացու) մեկնությունները, ինչպես նաև հայ մեկնողական միջավայրում տարածում գտած սաղմոսների նախադրությունները կամ «պատճառները»: Այս աղբյուրներում դիտարկվում է մարդու կազմության տեսության տեղադրումը ներքին հայեցապատկերների դաշտում (Սաղմոսարանում նկարագրվող իրադարձությունները մեկնվում են որպես «ներքին» իրողություններ), ինչպես նաև սաղմոսասացության հետ կապվող բաղադրիչների խորհրդաբանությունը (մարդու ձայնը, այն ուղեկցող երաժշտությունը, պարը, երաժշտական գործիքներն ընկալվում են որպես հոգեֆիզիկական գործառույթների ամբողջություն. սրանցով, նաև մարդու մեջ տեղադրված «բնության» շերտերի կցումով իրագործվում է համատիեզերական բանավոր պատարագը):

Կիսվել