ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԲԱԶԵԻ ՀԱՅԱՑՔՈՎ

Հրայր Բազե (Խաչիրյան). ուխտյալ լուսանկարիչ, ով իր ուխտին հավատարիմ, շրջելով աշխարհով մեկ և լինելով մոտ 45 երկրներում, հայտնաբերել և լուսանկարչական իր սարքի միջոցով հավերժացրել է այն ամենն ինչը որևէ կերպ առնչվում է հայի ու հայկականի հետ: Փետրվարի 11-ին Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազեի թվով 11-րդ պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը: Այն նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին և վերնագրված է «100 (1915-2015)»: Այս հրատարակությունը հայ ժողովրդի մշակութային պահանջատիրության վկայականներից է: Հեղինակը նշեց, որ նպատակ է ունեցել այս ալբոմը ներկայացնել հաղթանակած և ոչ թե պարտված ժողովրդի տեսանկյունից, ուստի պատահական չէ, որ Մատենադարանում գիրքը ներկայացնելուց մի քանի օր առաջ հեղինակը նույնն արել էր Արցախում:  Ստվարածավալ (517 էջ)  պատկերագիրք–ուսումնասիրությունը հեղինակի 17 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է, նրանում ամփոփված են Արևմտյան Հայաստանի և Կիլիկյան Հայաստանի վանքապատկան գույքի, ձեռագրական նմուշների, ձեռագործ աշխատանքների, ճարտարապետական կոթողների լուսանկարներ, ծանոթագրություններ, ընդգրկվել են նաև աշխարհի տարբեր երկրներում պահվող բացառիկ նմուշներ: Հրայր Բազեն բծախնդրորեն է մոտեցել  պատկերագրքի կազմման աշխատանքներին՝ կազի կարմիր գույնը եղեռնի անմեղ զոհերի արյունն  է խորհրդանշում, յուրաքանչյուր էջին պատկերված է Թուրքիայի ներկայիս քարտեզը, որի վրա կարմիր կետով նշված է տվյալ սրբավայրի տեղանքը՝ ուղեկցված GPS կոորդինատներով:   Պատկերագիրքը տպագրվել է 2500 օրինակով, եռալեզու է և նպատակ ունի նպաստել հայ հոգևոր և նյութական ժառանգության հանրահռչակմանը:

Կիսվել