Այն նվիրված էր անվանի գիտնական, նարեկացիագետ Հրաչյա Թամրազյանի հիշատակին
Հոկտեմբերի 28-29-ը Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը (տե՛ս ծրագիրը): Մեկնարկային գիտաժողովը տեղի էր ունեցել անցյալ տարի՝ 2015 թվականին, Մատենադարանի տնօրեն, անվանի գիտնական, նարեկացիագետ Հրաչյա Թամրազյանի նախաձեռնությամբ: «Գոհունակություն ունենք այնքանով, որ այն ծրագիրը, որ նա նախատեսել էր դեռևս այս տարվա գարնանից, այսօր իրականացնում ենք ամբողջ ծավալով», — իր խոսքում նշեց Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Հրաչյա Թամրազյանի հիշատակին նվիրված գիտաժողովը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ:
Միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել հայտնի հայագետներ, նարեկացիագիտության բնագավառում լավագույն մասնագետներ, Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ հայր Լևոն արք. Զեքիյանը, Ուկրաինայում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտին, ֆրանսիացի նշանավոր հայագետ, բանասեր և պատմաբան Ժան-Պիեռ Մահեն, Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Թեո Մարթեն վան Լինթը: Հայաստանից գիտաժողովին մասնակցում էին հոգեշնորհ հայր Շահե ծ. վրդ. Անանյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը, արվեստագիտության թեկնածու Արուսյակ Թամրազյանը:
Գիտաժողովի բացմանը մասնակիցներին ողջունեց Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտին, նշելով 2015 թ. ապրիլի 12-ին Վատիկանի Ս. Պետրոս տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի կողմից Նարեկացուն տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս շնորհելու փաստը, խոսեց քրիստոնեական բոլոր դավանանքների համար Նարեկացու բացառիկ դերի, նշանակության ու արժեքի մասին։ Այնուհետև զեկուցմամբ հանդես եկավ Ժան-Պիեռ Մահեն։ Նրա ելույթը նվիրված էր նարեկացիագիտության բնագավառում անվանի գիտնական Հրաչյա Թամրազյանի ունեցած մեծ ավանդին: Հայր Շահե ծ. վրդ. Անանյանի զեկուցման թեման սուրբգրային սկզբնաղբյուրներն էին. այն վերնագրված էր «Ս. Գրիգոր Նարեկացին և Սողոմոնի ապաշխարությունը. Ս. Գրիգոր Նարեկացու կողմից սուրբգրային անվավեր երկի օգտագործման մի օրինակ»: Գիտաժողովի առաջին օրվա զեկուցումները եզրափակեց հայր Լևոն արք. Զեքիյանը իր «Նարեկացին ու մարդկային լեզվի երկփեղկումին եզակի կիրառադաշտը՝ աստվածաբանական լեզվակարգը» թեմայով ելույթով:
Նույն օրը տեղի ունեցավ չորս գրքի շնորհանդես: Առաջինը Հրաչյա Թամրազյանի հեղինակած «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը» եռագրության երկրորդ հատորն էր, որի առաջին հատորը լույս էր տեսել անցյալ տարի։ Հաջորդը Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» Լևոն արք. Զեքիյանի իտալերեն թարգմանությունն էր։ Երրորդ գիրքը Գրիգոր Նարեկացու «Տաղերի և գանձերի»՝ Ժան-Պիեռ Մահեի ֆրանսերեն թարգմանությունն էր: Վերջիններն առաջին անգամ էին տպագրվում Հայաստանում, և Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վ. Տեր-Ղևոնդյանը նշեց, որ իտալերեն թարգմանության նախաբանի հեղինակը Հրաչյա Թամրազյանն է, և այն հրատարակվում է առաջին անգամ: Գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև չորրոդ գրքի՝ Սեյրանուշ Մանուկյանի և Դավիթ Ղազարյանի հեղինակած «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» ալբոմ-ուսումնասիրության շնորհանդեսը: Այս գրքում են մեկտեղված Նարեկացուն պատկերող մանրանկարների մինչ այժմ հայտնի գրեթե բոլոր օրինակները (ԺԳ-ԺԹ դդ.), որոնց զգալի մասն առաջին անգամ է հրապարակվում:
Գիտաժողովի երկրորդ օրը զեկուցումներով հանդես եկան մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտին՝ «Նարեկացու ծիսական պատկերների վերաբերյալ որոշ դիտարկումներ» թեմայով, Հրաչիկ Միրզոյանը՝ «Նարեկացու «Մատյանի» ներքին կառուցվածքի հիմնախնդիրը» զեկուցմամբ, Թեո Մարթեն վան Լինթը՝ «Մատյան ողբերգության ՂԲ բանը և Ջոն Դոնի «Ում համար զանգակը հնչում է (Աղոթքներ հանկարծ երևացող պատեհություններին, XVII)» թեմայով: Երկօրյա գիտաժողովը եզրափակեց Հրաչյա Թամրազյանի դուստր Արուսյակ Թամրազյանը՝ «Ձայնի, երաժշտական հնչողության փոխակերպումները Գրիգոր Նարեկացու պատկերային համակարգում» զեկուցմամբ:
«Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը տեղի ունեցավ «Անկախության Նարեկացին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: