ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է ԾՈՒՂՐՈՒԹԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Մ. Մաշտոցի անվանՄատենադարանի վերականագնման բաժնի աշխատակիցները Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում վերականգնել են տեղում պահվող հայկական մանրանկարչության գոհարներից մեկը՝ Ծուղրութի Ավետարանը:

  Հայկական միջնադարյան մանրանկարչության արժեքավոր նմուշներից մեկը համարվող Ծուղրութի Ավետարանը նոր կյանք է ստացել: Քանի որ տեղի բնակիչներն Ավետարանը համարում էին գյուղի պահապանը, նրան վերագրում բազմաթիվ հրաշագործություններ և ոչ մի գնով չէին համաձայնվում թեկուզ ժամանակավորապես բաժանվել դրանից, Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատակիցներն իրենք են մեկնել գյուղ և սույն թվականի հոկտեմբերի 8-18-ը տեղում բուժել ու վերանորոգել են 10-րդ դարի ձեռագիր Ավետարանը:
  Ծուղրութի Ավետարանը հայերեն մագաղաթյա ձեռագիր-մատյան է որը պարունակում է Աստվածաշնչի Նոր Կտակարանի չորս Ավետարանները։ Այն ընդօրինակվել է 974 թ-ին։ Գրչության վայրը և մանրանկարիչը հայտնի չեն։ Գրիչը Հովհաննեսն է, հիշատակարանի հեղինակը և ձեռագրի ստացողը՝ Եղիա քահանան։ Ձեռագիրը բաղկացած է 394 էջից, ունի արծաթյա կազմ, տասներեք մանրանկար: Ձեռագիրը նշանավոր է մանրանկարների բացառիկ արտահայտչականությամբ և գեղարվեստական բարձր արժանիքներով, ձեռագրի առանձնահատուկ կառուցվածքով, որն անդրադարձնում է ձեռագրական արվեստի հնագույն շրջանի հետքերը։ Ավետարանն Ախալցխայի Ծուղրութ գյուղ է բերվել Արևմտյան Հայաստանի Իլիջա գյուղից, և 1830 թվականից ի վեր այն իրենց տանը խնամքով պահպանել և,  որպես գյուղի սուրբ մասունք, սերունդներին է փոխանցել Սապոնջյանների ընտանիքը:
  Ձեռագրի վերականգնման համար 10 օրով բարձրադիր Ծուղրութ գյուղ էին տեղափոխվելՄատենադարանի երեք աշխատակից. երկու վերականգնող՝ Արթուր Պետրոսյանը և Արտավազդ Այվազյանը, և կենսաբան՝ Լուսինե Մարգարյանը: Նրանք իրենց հետ տարել էին մի ամբողջ լաբորատորիա՝ անխոնջ աշխատելով ու բուժելով ձեռագրի բոլոր տեսակի խնդիրները և վերականգնելով այն։ Մասնագետները վերականգնել են նաև այն պահարանը, որի մեջ պահվում է Ավետարանը։
  «Սա եզակի դեպք է, որ ձեռագիրը վերանորոգվի Մատենադարանից դուրս, որ մեր աշխատակիցները մեկ այլ վայրում՝ ո՛չ համապատասխան պայմաններում, իրականացնեն այս աշխատանքը: Սակայն, հաշվի առնելով, որ դեռևս սկսած նախորդ դարի 50-60-ական թթ. այս ձեռագիրը Մատենադարան տեղափոխելու փորձերն ավարտվել են անարդյունք, սա ձեռագրի փրկության միակ տարբերակն էր», -իր խոսքում նշեց Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը:
  Ձեռագրի վերականգնման աշխատանքներն իրականացվել են Ամերիկայի Հարավկովկասյան հետազոտությունների կենտրոնի տրամադրած ֆինանսավորման շնորհիվ, որն իրականություն է դարձել Բրանդենբուրգի տեխնոլոգիական համալսարանի ուսանողուհի ԱրուսյակԲալդրյանի հետևողական որոնումների շնորհիվ:

Կիսվել