Խաչիկ Հարությունյան, Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ, Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 2016 թ., 272 էջ + 16 էջ ներդիր
Հրատարակվել է Մատենադարանի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Խաչիկ Հարությունյանի «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը։ Գրքում ներկայացված է Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչների ձեռագրական գործունեությունը։ Նրանցից առաջինը՝ Միքայել Թոխաթեցին (գրչության տարիներ՝ 1606-1658 թթ.), ջալալիների արշավանքների հետևանքով թողել է հայրենի Եվդոկիան և տեղափոխվել Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս, ուր 1606 թ. սկսած ընդօրինակել է բազմաթիվ ձեռագրեր: Դրանցից 33-ը ներկայումս պահվում են աշխարհի տարբեր գրադարաններում, թանգարաններում և մասնավոր հավաքածուներում, ևս 4 ձեռագրի մասին տարբեր աղբյուրներում պահպանվել են միայն հիշատակումներ: Միքայել անվամբ մյուս գրիչը Բարղամի որդի Միքայելն է, որը ստեղծագործել է ԺԷ. դարի երկրորդ կեսին Սեբաստիայում, ապա Եվդոկիայում: Նա ևս աչքի է ընկել գրչագրական և մանրանկարչական բեղուն գործունեությամբ, նրանից հայտնի է 29 ձեռագիր, որոնք ներկայումս պահվում են տարբեր վայրերում: Գրքում հանգամանալի կերպով ներկայացված են երկու գրիչների ձեռագրաստեղծման գործունեությունը, նրանց լեզվաոճական առանձնահատկությունները, ինչպես նաև ձեռագրերի պատմությունը՝ գրչության վայրից մինչև ներկա հավաքածու հասնելը: Հեղինակների ձեռագրական ժառանգությունը ներկայացված է 4 ենթաբաժիններով. ա. ձեռագրի պատմությունը, բ. քննվող ձեռագրի մատենագիտությունը, գ. ձեռագրի անցած ճանապարհը, դ. գրչության ժամանակի հիշատակարանները: Ուսումնասիրությունը նախատեսված է ձեռագրագետների, բանասերների, արվեստաբանների և հայ գրչության պատմությամբ հետաքրքրվողների համար:
Գիրքը հրատարակվել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի և ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համաֆինանսավորմամբ: