ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ «ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐԸ

Լևոն Խաչիկյան, «Աշխատություններ», հատոր Բ, «Նաիրի» հրատարակչություն, 544 էջ
Կազմող՝ Շուշանիկ Խաչիկյան, խմբագիր՝ Պարույր Մուրադյան

Մատենադարանը հրատարակել է ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի «Աշխատությունների» Բ հատորը։ Հատորն ամփոփում է հեղինակի՝ հայոց միջնադարյան իշխանական տների ու վարչական կազմավորումների, գաղթօջախների ու բնակավայրերի պատմությանը վերաբերող ուսումնասիրությունները՝ գրված ձեռագրական նոր նյութերի հիման վրա, քննական վերլուծության նոր մեթոդով։ Գրքում ուսումնասիրված են նաև հայոց միջնադարյան գյուղական համայնքները, արհեստագործությունն ու տնտեսական գործարքները։ Հեղինակի բացահայտումները բազմաթիվ առեղծվածներ են լուծում կամ հարթում դրանց լուծման ուղին։ «Դավանական ու գաղափարախոսական խնդիրներ» բաժնում սկզբունքորեն նոր թափ ու գնահատություն է տրվում Քռնայի դպրոցի գործունեությանը։ Իսկ «Հավելվածը» պարունակում է հին Հայաստանում դիահերձման մասին վկայություններն ուսումնասիրող մի հոդված, ինչպես նաև անվանացանկեր։

Գիրքը լույս է տեսել Գալուստ Գյուլբենկյան հաստատության աջակցությամբ։

Կիսվել