15-ՐԴ ԴԱՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Ս. թ. հուլիսի 18-ին, ժամը 12:00-ին Մաշտոցի անվան Մատենադարանի Վիրտուալ դահլիճում տեղի ունեցավ Մատենադարանի նվիրատուներ Հրայր Դադայանի և Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի Մատենադարանին նվիրաբերած, 1471 թ. Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանի ցուցադրությունը և պարգևատրման արարողությունը:
Արժեքավոր այդ ձեռագիրը, որը հայտնի է «Հրաշափառ», «Հրաշագործ» Ավետարան անունով, պահվել է Արևմտյան Հայաստանի Չարսանջակ գավառակի Գոդառիճ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցում: Ավետարանի պատվիրատուն է Խոջա Ալեքսանը, որն այն ընծայել է իր եղբորը՝ Գաբրիելին: Արծաթե կրկնակազմն ավելի ուշ շրջանի է (1753 թ.):
Ձեռագիրը Երևանում Դադայան ընտանիքին է փոխանցել 1918 թ. գարնանը Գոդառիճ գյուղից գաղթած մի հայ, որը հիվանդության պատճառով ձեռագիրը հանձնել է Դադայան գերդաստանի մեծ մորը՝ Եղսային:
Այդ թվականից ի վեր ձեռագիրը երկար ճանապարհ է անցել. նախ տեղափոխվել է Ֆրանսիա, ապա՝ ԱՄՆ: 1990 թ. Ավետարանը ժառանգել են Եղսայի թոռները՝ Հրայրը և Հռիփսիմեն, որոնք համատեղ սրբորեն պահված թանկագին այդ ձեռագիրը Մաշտոցյան Մատենադարանին նվիրելու որոշում են կայացրել:
Ի երախտագիտություն այդ նվիրատվության՝ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը Հռիփսիմե Դադայան-Բարնակյանին ու Հրայր Դադայանին պարգևատրեց «Մատենադարան» հուշամեդալով:

Կիսվել