«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ. ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթների նախարարությունների նախաձեռնությամբ, Հայաստանում սույն թվականի նոյեմբերի 21-23 անց է կացվել  «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը: Այդ առիթով Հայաստան էին ժամանել ռուսաստանյան հեղինակավոր գրեթե բոլոր թանգարանների տնօրեններն ու ներկայացուցիչները: Հայաստանյան և ռուսաստանյան թանգարանների միջև գործակցությունը նորություն չէ, սակայն նոր էր այն ձևաչափը, որով տեղի ունեցավ այս համաժողովը: Հայաստան ժամանած հյուրերը հանդիպումներ ունեցան հայաստանյան իրենց գործընկերների հետ, բարձացվեցին ընդհանուր խնդիրներ, այդ երեք օրերի ընթացքում նիստերի օրակարգի անբաժանելի մասն  էին կազմում փորձի փոխանակման և գործակցության նոր հեռանկարների քննարկումները:  
  Համաժողովի երկրորդ օրը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. Մշակույթների երկխոսություն» խորագրով գիտաժողովի բացումը: Մատենադարանում հյուրերի համար կազմակերպվեց շրջայց, նրանք այցելեցին ցուցասրահներ, պահոցներ, վերականգնման բաժին։
  Գիտաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, հնչեց ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու անունից ուղերձ:


Գիտաժողովի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի որոշ թանգարանների միջև ստորագրվեցին գործակցության պայմանագրեր՝ ընդհանուր հաշվով ստորագրվեց 9 պայմանագիր: Համաձայնագիր ստորագրվեց նաև Մաշտոցի անվան Մատենադարանի և Ռուսաստանի պատմության պետական թանգարանի միջև:
  Նոյեմբերի 22-ին Մատենադարանում տեղի ունեցած գիտաժողովի ընթացքում մասնակիցները հնչեցրեցին տարբեր թեմաներերով զեկուցումներ՝ «Թանգարանները և  կրթությունը», «Տեղեկատվական տեխնոլոգիաները ժամանակակից թանգարանում», «Ռուսաստանի թանգարանային ոլորտի զարգացման արդի միտումները», «Թանգարանի կրթական ներուժը. Հայաստանի փորձը» և այլն:
  Հայ-ռուսական ֆորումի աշխատանքների ավարտին՝ նոյեմբերի 23-ին՝ ընդունվեց հայ-ռուսական թանգարանային համաժողովի հռչակագիրը:

Կիսվել