ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐԾՐՈՒՆԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ «ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽՆԴԻՐՆԵՐ. 1.ՀԵՔԻԱԹ 2.ԽԱՉՔԱՐ»  ԳԻՐՔԸ

Արծրունի Սահակյան, Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ. 1. Հեքիաթ 2. Խաչքար: Գիրք 1-2/ Ա.Սահակյան.-Եր.: Նաիրի,2017.-292 էջ:

    Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի գիտական խորհուրդների որոշմամբ, «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ լույս է տեսել Մատենադարանի Միջնադարյան ժողովրդական մշակույթի աղբյուրների հետազոտման գիտական խմբի ղեկավար, պատմագիտության և բանասիրության դոկտոր Արծրունի Սահակյանի «Միջնադարյան ժողովրդական մշակույթ. Աղբյուրներ և ուսումնասիրություններ» մատենաշարի «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ. 1.Հեքիաթ 2.Խաչքար» հատորը: Հատորում ներկայացվում են երկու մենագրություններ՝ նվիրված հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի երկու կարևոր ոլորտների:
    Առաջինում հետազոտվում են ժողովրդական հեքիաթի միջնադարյան գրառումները, արդյունքում առաջարկվում է մեզ հասած հեքիաթային սյուժեների մոտավոր, ոչ լրիվ ցանկը, որը պատկերացում է տալիս միջնադարի և XIX-XX դարերի ասացողական ավանդույթի ընդհանրականության, ասացողական ժառանգորդական կապերի և փոփոխականության մասին:
    Երկրորդում բացահայտվում են միջնադարյան ժողովրդական քրիստոնեության հայկական առանձնահատկությունները՝ խաչի պաշտամունքը և խաչի ժողովրդական սրբավայր-խաչքարերի առաջացումը, ինչպես նաև  նրանց հետագա զարգացումը՝ պաշտոնականացման ճանապարհով:
    Հասցեագրված է հայագիտությամբ զբաղվողներին և հետաքրքրասեր ընթերցողներին:
Հեղինակը գիրքը նվիրել է  «Հայաստանի երրորդ Հանրապետության և նրա «Փոքր որդու»՝ Հայոց բանակի 25-ամյակներին…»:

Կիսվել