ԱՎՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Նոր Ջուղայեցի բարեգործ Ավո Հովհաննիսյանը, որն իր կարողություններով ժողոված հավաքածուով հայոց հոգևոր գանձարանը հարստացրել է բազմաղբյուր նյութերով, որոնց թվում են Մատենադարանին նվիրաբերած մի քանի տասնյակ ձեռագրերն ու բազում վավերագրերը, հնատիպ ու նոր գրականության նմուշները,դեկտեմբերի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 1000-ից ավել ձեռագրական և արխիվային արժեքավոր նյութեր:
Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի բարեկամ Ավո Հովհաննիսյանին հանձնեց «Մատենադարան» հուշամեդալ և հուշամեդալի վկայականը:
Նրա նվիրատվություններով հարստացել են նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածինը,Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային և Խնկո Ապոր անվան գրադարանները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և այլք: Իր 46-ամյա գործունեության մասին խոսելիս նա առաջինը արտաբերում է Մատենադարանի անունը, որովհետև հայրենիքի հետ կապը խորացել է Մատենադարանից ստացած հոգևոր հզոր ազդակներից, հատկապես Մատենադարանի նախկին տնօրեն Լևոն Խաչիկյանից ստացած շնորհակալական նամակից, որում արտահայտված խորունկ մտքերն իրեն ուղեկցել են կյանքի ողջ ընթացքում:

Կիսվել