ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԶԻՆՎՈՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐ» ԵՎ «ԶՈՐԱՎՈՐ ՍՐԲԵՐ» ԳՐՔԵՐԸ

«ԶԻՆՎՈՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐ», աշխատասիրությամբ՝ Լուսինե Թումանյանի, Մաս առաջին, Երևան, 2017, 128 էջ:

  Գրքի Առաջին հատորը նվիրված է 20-րդ դարասկզբին հանուն Հայրենիքի ազատության մղվող պայքարում հայ հոգևորականների ստանձնած բացառիկ առաքելությանը: Հայրենիքի և Եկեղեցու պաշտպանության սրբազան գործին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի Արևելյան և Արևմտյան հատվածների հոգևորականության բոլոր դասերը: Նրանց պայքարը ծավալվել է և՛ ռազմի դաշտում, և՛ մշակութային արժեքների փրկության գործում, և՛ քաղաքական ոլորտում: Այս պայքարը գլխավորել է Գևորգ Ե. Սուրենյանց Հայրապետը: Նրա նախաձեռնությամբ են կազմավորվել և սպառազինվել հայ կամավորական ջոկատները, որոնց հիմնական խնդիրը Արևմտյան Հայաստանի ազատագրումն էր: Սույն գրքով փորձ է արվել պատմության փոշին սրբել մի խումբ ազգանվեր հոգևորականների անուններից՝ Տարոնի առաջնորդ Տ. Վարդան վրդ. Հակոբյան, Կարինի առաջնորդ Տ. Սմբատ եպս. Սաատեթյան, Յոզղատի առաջնորդ Տ. Ներսես եպս. Դանիելյան, Վանի պաշտպաններից Տ. Եզնիկ վրդ. Եզիազարյան, Տ. Դանիել վրդ. Զադոյան, Տ. Երեմիա քհն. Հովհաննիսյան և Տ. Սահակ քհն. Միրոյան, Լիմ կղզու վանահայր Տ. Հովհաննես վրդ. Հյուսյան, Կտուց կղզու միաբան Տ. Ստեփան վրդ. Տեր-Հովհաննիսյան, Սքանչելագործ վանքի վանահայր Տ. Եղիշե վրդ. Մոկացյան, Զառայի Սուրբ Թագավոր վանքի վանահայր Տ. Մովսես վրդ. Մատոյան, Մուշի առաջնորդական փոխանորդ Տ. Եղիշե քհն. Տեր-Պարսամյան:   Ներկայացված են Բաշ-Ապարանի հերոսամարտին մասնակից քահանաները, ովքեր համախմբել են տարածաշրջանի հայ բնակչությանը, զինել տղամարդկանց և դիմակայել թշնամուն: Գրքում ներկայացված հոգևորականների մեջ բացառություն է Նոր Վարագավանքի վանահայր Տ. Գրիգոր եպս. Մանուչարյանը, ով զինված պայքարել է 19-րդ դարասկզբին: Գիրքը եզրափակվում է Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպս. Հակոբյանի գործունեությամբ Խորհրդային միության ամենադաժան բռնաճնշումների ժամանակ:

«ԶՈՐԱՎՈՐ ՍՐԲԵՐ», աշխատասիրությամբ՝ Լուսինե Թումանյանի, Երևան, 2017, 144 էջ, 22-ը՝ մանրանկար:

  Գրքում ներկայացված են քսանմեկ սրբերի վարքեր, որոնց կերպարները մշտապես ոգեշնչել են հայ ժողովրդին իր մղած դարավոր պայքարի ժամանակ: Գիրքը սկսվում է Միքայել հրեշտակապետի և սուրբ Աստվածամոր վարքերով: Գրքում ներկայացված մյուս սրբերն են՝ Թադեոս առաքյալը, Աբգար արքան, Գևորգ, Մինաս, Թեոդորոս, Սարգիս զորավարները, Տրդատ արքան, Գրիգոր Ա. Լուսավորիչը, Գրիգորիս Պարթևը, Ներսես Ա. Մեծ կաթողիկոսը, Մեսրոպ Մաշտոցը, Ատոմ Գնունի իշխանը, սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Ղևոնդ երեցը, Հովհան Գ. Օձնեցի կաթողիկոսը, Վահան Գողթնացի իշխանը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Դ. Շնորհալի կաթողիկոսը, Գրիգոր Տաթևացին:   Նրանց մի մասը եղել է զինվորական, մյուսները՝ հոգևորական, ոմանք զենքով ու աղոթքով են պայքարել հանուն Հայրենիքի և Աստծու, ոմանք՝ գրչով ու աղոթքով, ոմանք՝ հայրենաշեն ու եկեղեցաշեն գործունեությամբ: Նրանց մի մասն իրենց արյունն է հեղել ու նահատակվել, մյուսները ողջ կյանքի ընթացքում գնացել են Քրիստոսի հետքերով՝ դառնալով կենդանի նահատակ:   Գիրքը շարադրվել է վարքագրական ոճով՝ հավատարիմ մնալով Եկեղեցական Սրբազան ավանդությանը, սակայն գիտական աղբյուրներով ճշտվել և հստակեցվել են սրբերի կյանքի և գործունեության հետ կապված բազմաթիվ տվյալներ: Յուրաքանչյուր վարքից առաջ տեղադրված է տվյալ սրբի մանրանկարը՝ վերցված Մաշտոցյան Մատենադարանում պահվող ձեռագրական ժառանգությունից:

Կիսվել