ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ 14-20-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

Մայիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ձեռագրերի նվիրատվության արարողություն: Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Մատենադարանին նվիրաբերեց 14-20-րդ դարերի 27 արժեքավոր ձեռագիր (Ծիսական գրքեր, Ժողովածուներ, Հայսմավուրք, Սաղմոսարան, Գանձարան, Ավետարան և այլն):
  Նվիրատվության արարողությունը տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում:
  Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Մատենադարանի տնօրենը նշեց, որ Մատենադարանը վերջին 15 տարվա ընթացքում արժեքավոր ձեռագրերի այսօրինակ խոշոր նվիրատվություն չէր ստացել: Մատենադարանի տնօրենը նշեց, որ արժեքավոր ձեռագրերի հայրենադարձությունը նշանակալի իրադարձություն է:
  Ձեռագրերի հավաքածուի մասին միջոցառման մասնակիցներին ընդհանուր և ամփոփ տեղեկություններ տրամադրեց Մատենադարանի գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը:
  Խոսքով հանդես եկավ Համազգային հայ կրթական և մշակութային միության ներկայացուցիչ Վիգեն Թուֆենկճյանը: Վիգեն Թուֆենկճյանը նշեց, որ այժմ ձեռագրերը ճիշտ և ամենաապահով տեղում են: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Համազգային հայ կրթական և մշակութային միությանը հանձնեց շնորհակալագիր և Կիլիկիայում 1173 թվականին գրված Գիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ձեռագրի արծաթակազմ շքեղ նմանահանությունը:

Կիսվել