ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՕԴՐԻ ԱԶՈՒԼԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ, ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 11-ին ժամը 16:30-ին Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում:
Ցուցահանդեսի համադրողն է ֆրանսահայ պատմաբան, հայագետ Արմեն Կլոդ Մութաֆյանը: Ներկայացված են ձեռագրեր, հնատիպ գրքեր Մատենադարանի ֆոնդերից, ինչպես նաև Արմեն Կլոդ Մութաֆյանի անհատական հավաքածուից բերված արխիվային փաստաթղթեր, քարտեզներ և լուսանկարներ, որոնք արտացոլում են դարերի ընթացքում ձևավորված հայ-ֆրանսիական պատմամշակութային առնչությունները:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման առթիվ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) մեկենասությամբ Մատենադարանը հրատարակել է ցուցահանդեսի մասին պատմող երկլեզու գրքույկ և հայկական մանրանկարչությանը նվիրված ֆրանսերեն ալբոմ-ուսումնասիրություն:

Կիսվել