![](https://web.archive.org/web/20190808065356im_/http://www.matenadaran.am/Pics/Ô¹Õ¡Õ´Ö€Õ¡Õ¦ÕµÕ¡Õ¶_Õ°Õ¸Ö‚Õ·Õ¡Ö„Õ¡Ö€.jpg)
Հուլիսի 19-ին Երևանի Տերյան 57 հասցեում տեղի ունեցավ Մատենադարանի նախկին տնօրեն, բանաստեղծ, հայագետ, բանասիրության դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Մատենադարանի աշխատակիցներ, գրողներ, պետական այրեր, հոգևորականներ, մշակույթի գործիչներ, ինչպես նաև Հրաչյա Թամրազյանի ընտանիքի անդամներ, ընկերներ, հարազատներ: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը. «Հուշաքարը տեսնելով` անցորդները մեծ սիրով են վերհիշելու Թամրազյանին, իսկ եթե չեն ճանաչել նրան, ապա կծանոթանան նրա բանաստեղծական ժողովածուներին, հետազոտություններին, կիմանան, որ այս տանն ապրել է հետաքրքիր, ինքնատիպ ու տաղանդավոր մի մարդ»: Խոսքով հանդես եկան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը,բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը, Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, Ուզբեկստանում Հայաստանի դեսպան Արամ Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը: