Պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանի արխիվի նվիրատվությունը Մատենադարանին

Հուլիսի 14-ին Մաշտոցյան Մատենադարանի արխիվային ֆոնդերի հավաքածուն համալրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Արսենի Աբրահամյանի արխիվով: Անվանի հայագետ լեզվաբանը գիտական հանրությանը ծանոթ է իր կազմած Գրաբարի ձեռնարկով,որն ակնհայտորեն նպաստել է հին գրական հայերենի ուսուցման գործին: Ուշագրավ ներդրում ունի հայերենի, մասնավորապես արդի գրական լեզվի բայակազմության, բայական կարգերի ձևաբանական հատկությունների քննության բնագավառում։ Հանդես է եկել բազմաթիվ արժեքավոր հոդվածներով, որոնց մեջ անդրադարձել է հայերենի պատմական հնչյունաբանության, բառաքննության խնդիրներին, լեզվի ավանդման գիտամեթոդական խնդիրներին և այլն։ Աշխարհաբար գիտական հրատարակությամբ լույս է ընծայել Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց», Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» երկերը:Մատենադարանի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում ընտանիքին նվիրատվության համար:

Կիսվել