2020 թ. սեպտեմբերի 14-ին լրանում է նշանավոր բանասեր, հայագետ, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի երկարամյա գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Վարագի Աբգարյանի ծննդյան 100-ամյակը։
Գևորգ Աբգարյանն իր վառ անհատականությամբ լուսավոր հետք և ազդեցություն է թողել 1960-90-ական թթ. հայագիտական մտքի և իր ժամանակակիցներից շատերի վրա։
Պատիվ եմ ունեցել, 1975/6 ուսումնական տարում իբրև Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտություն, ազգագրություն և աղբյուրագիտություն բաժնի ուսանող՝ լսել գիտնականի դասախոսությունները հայագիտության և բնագրագիտության բազմազան առեղծվածային խնդիրների շուրջ։ Գևորգ Աբգարյան գիտնականն ուսանողին առինքնում էր գիտելիքների խորությամբ, հայագիտության հարցերին մոտենալու ինքնատիպությամբ, խրթին հարցերը չշրջանցելու և սրամիտ լուծումներ գտնելու իր կարողություններով։ Նա ձգտում էր նոր, դեռևս չտրորված ճանապարհներով տանել իր ունկնդիրներին, նրանց համար բացում էր համաշխարհային հայագիտության ամենանվիրական էջերը։
Այդ տարիներին նա արդեն հայտնի էր հայագիտության սպասավորներին իր «Սեբեոսի Պատմությունը» և Անանունի առեղծվածը» մենագրությամբ (1965), որի փայլուն պաշտպանությունից հետո, շրջանցելով գիտությունների թեկնածուի աստիճանը, նա ստացել էր բանասիրական գիտությունների դոկտորի կոչում։ Այդ ժամանակներում, խորհրդային հայագիտության բնագավառում նման հաջողության կարողացել էր հասնել միայն նշանավոր բանաստեղծ Պարույր Սևակը, Սայաթ-Նովային նվիրված իր մենագրությամբ։ Գևորգ Աբգարյանի հիշատակված հետազոտությունը մեծ հռչակ բերեց կյանքի (պատերազմի և աքսորի) հսկայական ճանապարհ անցած գիտնականին, գրքի և այնտեղ արտահայտված տեսակետների մասին գրախոսություներ հրապարակվեցին Երևանում, Վենետիկում և Վիեննայում։ Սեբեոսի երկի շուրջ ծավալվեց հայագիտական լայն քննարկում, որը հիշեցնում էր 20-րդ դարի սկզբին Մովսես Խորենացու երկի շուրջ ծավալված բանավեճը։ Սեբեոսի պատմության բնագրագիտական հետազոտության թեմատիկային հավատարիմ մնաց գիտնականը իր գործունեության հաջորդ տասնամյակներում ևս, հրապարակելով Հայոց մատենագրության 7-րդ դարի մատենագրական այս հուշարձանի քննական բնագիրը ծավալուն ծանոթագրություններով (1979)։ Մեր սերնդի համար հատկապես մեծ դպրոց էին Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահայր Պողոս Անանյանի և Խոսրով Թորոսյանի հետ խնդրի շուրջ տարիներ շարունակվող հրապարակային քննարկումները «Բազմավէպ» և «Բանբեր Մատենադարանի» հանդեսներում։
Հայագետներն աշխուժ հետաքրքրությամբ էին հետևում Գևորգ Աբգարյանի և բյուզանդագետ Հրաչ Բարթիկյանի գիտական բանավեճին, ծավալված Արատոս Սոլացու «Διοσημεῖα» և Անանիա Շիրակացու «Յաղագս ամպոց և նշանաց» աշխատությունների բանասիրական առնչությունների շուրջ։ Կարծում եմ, կարծիքների այս բախումը շատ բանով պայմանավորեց 20-րդ դարի 70-ական թթ. գիտության բնագավառ մտնող իմ սերնդի հետազոտողներին՝ մշակութային շատ հարցերում կողմնորոշվելու խնդրում, և նպաստեց, որ հայագիտությունը համալրի իր շարքերը բյուզանդագետների, արաբագետների, արևելագետների, միջնադարի մատենագրությանը և պատմությանը գիտակ նորանոր մասնագետներով։
Գևորգ Աբգարյանին խորթ չէր միջնդարյան հայ մատենագրությանը վերաբերող որևէ հարց։ «Բանբեր Մատենադարանի», «Պատմա-բանասիրական հանդես», «Տեղեկագիր», «Էջմիածին», «Revue des Études Armènien» պարբերականներում նա հանդես էր գալիս հիմնավորված հոդվածներով, որոնք նվիրված էին Բուզանդարանի կորած դպրություններին, Կորյունի, Շիրակացու, Սեբեոսի, Ասողիկի, Նարեկացու, Հեթում Կոռիկոսցու երկերի բնագրագիտական քննությանը։ Նրա գրչի տակ նոր շունչ էին ստանում Հայոց այբուբենի գյուտի և հայկական տպագրության առաջին փորձերին վերաբերող պատմաբանասիրական կնճռոտ խնդիրները։
Հայագետի հետաքրքրությունների շրջանակում էին միջնադարյանլատին պատմագրության և ուղեգիրների տեղեկությունները Հայաստանի մասին, Կումրանում գտնված ձեռագրերի կարևորության բացահայտումը հայագիտության համար, միջնադարյան գիտական մտքի ուսումնասիրության հեռանկարները, հայ աստվծաշնչական և պարականոն բնագրերի հետազոտությունը։
Լեզուների, սկզբնաղբյուրների և գիտական գրականության իմացությունը թույլ էր տալիս հետազոտողին թարգմանել և երևանյան հանդեսներում հրապարակել եվրոպացի հայագետներ Յ. Մարկվարտի, Հ. Վալտերի, Լ. Բենակիսի աշխատությունները, գիտական աշխարհին ծանոթացնել Է. Դյուլորիեի, Հ. Գելցերի, Ա. Գուտշմիդի, Չ. Դաուսեթի և այլոց գործունեությանը, չմոռանալով անդրադառնալիր ուսուցիչներ և ժամանակակիցներ հ. Բ. Սարգսյանի, Կ. Մելիք-Օհանջանյանի, Հ. Պերպերյանի, Հ. Անասյանի, հ. Ն. Ակինյանի գիտական ժառանգությանը։ Հիշատակված հրապարակումներից շատերը Գ. Աբգարյանի մտապատկերում պիտի ուղղորդեին Հայաստանի հայագետների նոր սերնդին դեպի գիտական նոր նվաճումներ։
Գևորգ Աբգարյանը Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերի ինստիտուտի անխոնջ մշակն էր, իր ճակատային ընկերներ Ասատուր Մնացականյանի, Արտաշես Մաթևոսյանի և այլոց հետ միասին, նա իր հետազոտություններով բարձրացնում էր այդ կաճառի հեղինակությունը։ 1962 թ. գիտնականն հրատարակեց «Մատենադարան» գրքույկը, որը մեծ դեր կատարեց այս գիտական կենտրոնի աշխատանքային հեռանկարներն ու անելիքները արժեվորելու ուղղությամբ։ Խորհրդային Միության և արտասահմանի տարբեր գիտական և մասսայական պարբերականներում նա աշխարհին ծանոթացնում էր հայկական ձեռագրերի պահպանության և հետազոտության բնագավառում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին, Մաշտոցի անվան Մատենադարանի նորանոր հաջողություններին։
Գևորգ Աբգարյանն իր կյանքով և հայագիտական գործունեության ուրույն ձեռագրով առանձնանում է ժամանակի բազմաթիվ գիտնականներից, սերունդներին թողնելով մնայուն արժեքներ։
պ.գ.դ. Ազատ Բոզոյան